Մեկ տարի առաջ Սերժ Սարգսյանը երդվեց (տեսանյութ)
Մեկ տարի առաջ այս օրը Սերժ Սարգսյանը մարզահամերգային համալիրում երկրորդ անգամ ստանձնեց Հայաստանի նախագահի պաշտոնը: Ազատության հրապարակում ընդդիմության թեկնածուն կազմակերպում էր զուգահեռ երդմնակալություն: Բաղրամյան 26 մտավ, սակայն, Սերժ Սարգսյանը: Ապրիլի 9-ը երդմնակալության օր է դարձել 1998-ի պալատական հեղաշրջմանը հաջորդած նախագահի ընտրությունների արդյունքում: Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել նախագահի 6 երդմնակալություն: Առաջին նախագահի առաջին երդմնակալությունը միակն էր, որի ժամանակ ընտրյալը ձեռքը չդրեց Սահմանադրության վրա: Սահմանադրություն չկար: Ոչ ոք, սակայն, չվիճարկեց այդ ընտրությունների արդյունքները: Տեր-Պետրոսյանը երդվեց Վեհամոր Ավետարանին աջը դրած: Նրա երկրորդ ընտրությունը բազմաթիվ հարցեր առաջացրեց: Թիմակիցները հետագայում խոստովանեցին, որ նրա օգտին դիմել են կեղծիքների: Ընդդիմությունն ընտրության արդյունքները վիճարկեց արդեն Սահմանադրական Դատարանում: Գագիկ Հարությունյանը ընտրությունների արդյունքները ճանաչեց օրինական: Այս ավանդույթն այլեւս չի փոխվելու հետագա բոլոր բողոքարկումների ժամանակ: Անփոփոխ է մնալու նաեւ նախագահի հիմնական ընդդիմադիր թեկնածուի բացակայությունը երդմնակալության արարողություններին: Նախագահի երրորդ ընտրությանը ընդդիմության հիմնական թեկնածուն Խորհրդային Հայաստանի խարիզմատիկ առաջնորդներից մեկն էր` Կարեն Դեմիրճյանը: Ժողովուրդը նրա ոտքերի տակ ոչխար էր մորթում եւ խաչակնքվում էր, ինչպես սրբի առջեւ: Նրա հիմնական մրցակցին` Հայաստանի քաղաքացի չհամարվող Ռոբերտ Քոչարյանին ոչ ոք լուրջ չէր ընդունում որպես նախագահի թեկնածու: Բանակը, ոստիկանությունը եւ հատուկ ծառայությունները Ռոբերտ Քոչարյանին դարձրեցին նախագահ: Նախագահի ընտրության արդյունքները չվիճարկվեցին Սահմանադրական դատարանում: Կարեն Դեմիրճյանը, սակայն, չմասնակցեց Ռոբերտ Քոչարյանի երդմնակալության արարողությանը: Մեկ ու կես տարի հետո Կարեն Դեմիրճյանն ընդհանրապես սպանվեց եւ դադարեց լինել սպառնալիք իշխանության համար: Նախագահի չորրորդ երդմնակալության հերոսը նույնպես Ռոբերտ Քոչարյանն էր, նրա մրցակից Ստեփան Դեմիրճյանի ոտքերի տակ նույնպես մորթվում էին ոչխարներ եւ ցուլեր: Նա չորրորդ ընտրություններից 4 տարի առաջ սպանված Կարեն Դեմիրճյանի որդին էր: Ժողովուրդը նրան նախագահ ընտրեց նույն ոգեւորությամբ: Նախագահ հռչակվեց պարտված թեկնածուն, որը պաշտոնն ստանձնեց Ազգային Ժողովում: Ընդդիմությունը վիճարկեց կեղծված ընտրությունների արդյունքները, իսկ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ չնայած բազմաթիվ կեղծիքներին ամեն ինչ օրինական է: Նախագահի 5-րդ ընտրությանը ասպարեզ վերադարձավ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ոչ ոք չէր կասկածում, որ նրա մրցակից Սերժ Սարգսյանն ընտրվելու հնարավորություն չունի: Ընտրությունները կեղծվեցին աննախադեպ ծավալներով: Գրեթե ամբողջ երկիրը ժողովվեց Ազատության հրապարակում, այդ օրերին ասում էին, որ իշխանությունն ընկած է փողոցում, մնում է մեկն այն վերցնի: Նախագահի պաշտոնը թողնող Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ հրապարակում զինյալներ են: Հայտարարությունից մի քանի օր հետո բանակը, ոստիկանությունը եւ օլիգարխիան սպանեց 10 հոգու, երկրում հայտարարեց արտակարգ դրություն եւ ապահովեց Սերժ Սարգսյանի մուտքը Բաղրամյան 26: Նրա երդմնակալության օրը քաղաքում իրականացվեցին անվտանգության ապահովման բացառիկ միջոցառումներ: Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ շնորհակալ է Ռոբերտ Քոչարյանին: 5 տարի հետո Սերժ Սարգսյանը նախագահի թեկնածու առաջադրվեց երկրորդ անգամ: Ընդդիմության առաջին դեմքերը մեկ մարդու նման հրաժարվում էին ընտրապայքարից: Փոխարենն առաջադրվեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Գործող նախագահն արդեն ասում էր, որ ինչքան ուզի, այնքան էլ ընտրություններում տոկոս կխփի: Արդյունքում ոչինչ եւ ոչ մեկը նրան չխանգարեց երկրորդ անգամ զբաղեցնել նախագահի աթոռը: Նրա երդմնակալությունն ընդամենը եկավ լրացնելու նախորդ բոլոր երդմնակալությունների տխուր շարքը, որոնք տեղի ունեցան հատուկ կահավորված դահլիճներում ընտրողների աչքից հեռու: Սերժ Սարգսյանը երդվեց անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները եւ ապահովել Հայաստանի անկախությունը: Կես տարի հետո Հայաստանն այլեւս չուներ տնտեսական սեփականություն, բացի դրանից անդամագրվեց Մաքսային Միությանը: