Մտադիր են արագ-արագ ավարտել
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը երեկ անձամբ ծանոթացել է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարական աշխատանքներին. «Բոլոր հարցերը կարգավորվել են եւ նախապես հայտարարված 5 ամիս ուշացումը չի լինի, մենք աշխատանքները կավարտենք ժամանակին»։ Այն խոսակցություններին, թե նոր կառուցվող ճանապարհի որակը վատն է, Գագիկ Բեգլարյանը պատասխանեց. «Ինչպես կարող են դժգոհ լինել, եթե ճանապարհը դեռ չի շահագործվում»: Միեւնույն ժամանակ նախարարը չհերքեց, որ անցած տարի խնդիրներ եղել են, բայց հավելեց, որ դրանք արդեն լուծվել են: «Ես երբեք 100 տոկոս ոչինչ չեմ ասում, բայց 90 տոկոսով հավաստիացնում եմ՝ ամեն ինչ լավ է»,- հայտարարեց նախարարը: Ծրագրի արժեքի մասին կոնկրետ տվյալներ դեռ չկան, ասաց նախարարը ու հավելեց, որ ավարտվել է ծրագրի ուսումնասիրությունների փուլը եւ կատարվում են տեխնիկական նախածային աշխատանքները. «Դրանից հետո միայն արժեքի մասին կլինեն տվյալներ»։ Այս պահին Հյուսիս- հարավ ավտոճանապարհի ամբողջ հատվածի միայն 10-15 տոկոսն է կառուցվել, բայց Գագիկ Բեգլարյանը հավաստիացրեց, որ կարեւորը սկիզբն է։ «Մտադիր ենք արագ արագ ավարտել»,- ասաց նա։