Սրանք դեռ ծաղիկներն են. Արմեն Մարտիրոսյանը՝ հանրահավաքին (տեսանյութ)
Րաֆֆի Հովհանիսյանը զգուշացրել էր, որ հերթական «դե ֆակտո» իշխանությունը մեզ վրա շատ ծանր է նստելու, ու մենք արդեն զգում ենք այդ վատ վիճակը. այսօր «Ժառանգություն» կուսակցության հանրահավաքի ժամանակ հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը. «Սա դեռ ծաղիկներն են։ Դեռ ավելի վատ է լինելու»։ Տարածաշրջանում մեր դերը ավելի ու ավելի է թուլանում՝ ասում է Արմեն Մարտիրոսյանը ու հավելում. «Երեկվա քվեարկությունից հետո մենք 11 այն երկրների կողքին կանգնեցինք, որտեղ անգամ փոքր-ինչ ժողովրդավարություն չկա»։ «Ժառանգության» փոխնախագահը վստահ է, որ պետք է օր առաջ պահանջել իշխանության հրաժարականը եւ ստեղծել լեգիտիմ իշխանություն, ովքեր կմտածեն առաջին հերթին ազգի մասին։ Այսօրվա ընդդիմության գործողությունները գոլորշի բաց թողնելու գործընթացի է նման։ Այս կարծիքին է «Ժողովրդական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը։ «Տարիներ շարունակ եղել են համապետական ընտրություններ։ Ժողովուրդը ակտիվացել է՝ հույս ունենալով, որ ամեն ինչ կփոխվի, բայց նրանք միշտ ամեն ինչ մարսում են»,- ասաց Պետրոս Մակեյանը ու հավելեց՝ պետք է համարժեք գնահատենք եւ ճիշտ քայլենք։ Ըստ նրա՝ Հայաստանը նման է ականապատված տարածքի՝ բավական է մեկ անզգույշ քայլ, եւ ականները կպայթեն. «Երկրում ժողովրդի մեծ մասը իրավազուրկ է, աշխատելու, ապրելու իրավունք չունի, ֆեոդալների զոռբայությանն են դիմանում կամ լքում են Հայաստանը»։ Մակեյանը վստահ է, որ իշխանության համար դա նվեր է. «Նրանք ամեն ինչ անելու են, որ Հայաստանը դատարկվի»։