Կմիանա՞ Հայրիկյանը Րաֆֆի Հովհաննիսյանին
Այս պահին Ազատության հրապարակում է Պարույր Հայրիկյանը եւ նրա համակիրները՝ ձեռքներին Եվրամիության եւ Հայաստանի դրոշները։ Զուգահեռաբար այստեղ ընթանում են «Ժառանգության» հանրահավաքի նախապատրաստական աշխատանքները։ Պարույր Հայրիկյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ այսօրվա հանրահավաքի գլխավոր թեման լինելու ՄԱԿ-ում Հայաստանի երեկվա քվեարկությունը. «Հայաստանը, քվեարկելով Ղրիմի հանրաքվեի օգտին՝ հայտնվեց ամենահետամնաց երկրների շարքում»։ Հարցին, թե տեղյա՞կ է , որ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքն է տեղի ունենալու եւ պատրա՞ստ է միանալ նրան, Հայրիկյանն ասաց, որ կմիանա բոլոր ողջախոհ պահանջներին։ Այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Պարույր Հայրիկյանի կողմնակից կանայք վիճում են։ Առաջինները պահանջում են Ազատության հրապարակից հանել Եվրամիության դրոշները. «Ազատության հրապարակում պետք է ծածանվի միայն եռագույնը»։ Պարույր Հայրիկյանը խնդրել է հանրահավաքի կազմակերպիչներին՝ որոշ ժամանակով դադարեցնել նախապատրաստական աշխատանքները, մինչեւ կմեկնարկի երթը դեպի Սահմանադրական դատարան, ապա հետ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին։