Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոտրել կարծրատիպը, որ Պուտինն է Հայաստանի նախագահը (տեսանյութ)

Քաղաքականություն
arm137636819093

«Երեկվա քվեարկությունը եվրաինտեգրման դագաղի վերջին մեխն է»,- այս տեսակետը այսօր հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը՝ նկատի ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քվեարկությունը, որտեղ Հայաստանը դեմ քվեարկեց՝ Ղրիմի թերակղզում մարտի 16-ին անցկացված հանրաքվեն օրինական չճանաչող «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը» բանաձևի ընդունման համար։ Պարոն Արզումանյանը վստահեցնում է, որ մենք այս քայլով դիրքավորվել ենք Վենեսուելայի, Սուդանի և մի քանի նման պետությունների շարքում եւ, այսպիսով` 194 երկրների շարքում մենք մտնում ենք այն տասի մեջ, որոնց հետ աշխարհում որևէ մեկը հաշվի չի նստում։ Ալեքսանդր Արզումանյանն ասաց, որ որևէ մեկը չէր սպասում, որ Հայաստանը պետք է դատապարտի Ռուսաստանին, բայց կարող էր չեզոք դիրքորոշում որդեգրել, ասում է նա. «ՄԱԿ-ում մեր քվեարկությունը մեր ազգային ամոթն է»։ Քաղաքագետ Աղասի Ենոքյանը համոզված է, որ Հայաստանում պարզ, ռուսական ռևանշիզմի ենք ականատես լինում։ Ըստ նրա՝ մեզ մոտ սողացող ռուսականացում էր գնում, որի դեմը մենք ժամանակին չառանք. «Ունենք ռուսական կողմնորոշում ունեցող ընդդիմություն, այսինքն` մի օլիգարխի ընդդիմություն և իշխանություն՝ կազմված երկու քաղաքական ուժից: Այս իշխանությունը մնա, թե Գագիկ Ծառուկյանի ընդդիմությունը գա իշխանության՝ հաղթում է Կրեմլը»,- ասաց նա: Աղասի Ենոքյանը նշեց, որ անհրաժեշտ է այս փակ շրջանակից դուրս գալ, որոշակի քաղաքական, քաղաքացիական հարթակ ստեղծել, որը ցույց կտա, որ Հայաստանը չի սահմանափակվում այս ռուսական կողմնորոշում ունեցող վեցյակով (նա նկատի ունի ԱԺ 6 ուժերին)։ Ըստ նրա, առաջին հերթին պետք է լուրջ բացատրական աշխատանքներ տանել, որ այս շրջանակից դուրս այլ բան էլ կա, եվրոպական այլընտրանքի մասին խոսակցություն ծավալել, կոտրել այն կարծրատիպը, որ Պուտինն է Հայաստանի նախագահը: