Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱԿ-ում Ղրիմի հարցով դեմ է քվեարկել 11 պետություն, այդ թվում` Հայաստանը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հավանություն տվեց Ուկրաինայի հարցով բանաձևին, որը ճանաչում է այդ երկրի տարածքային ամբողջականությունն ու անօրինական համարում Ղրիմում մարտի 16-ին անցկացված հանրաքվեն։ Նախագիծն ընդունվեց ձայների գերակշռող մեծամասնությամբ՝ 100 կողմ, 11 դեմ, 58 ձեռնպահ։ «Հայաստանը տարիներ ի վեր հետևողականորեն ու սկբունքորեն հանդես է եկել ժողովրդավարության զարգացման, ազատությունների և իրավունքների, ներառյալ իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի պաշտպանության օգտին՝ որպես ՄԱԿ-ի կանոնադրության վրա հիմնված համամարդկային արժեքներ և սկզբունքներ, որոնք ընդունված են այս Համաժողովի կողմից», - այսօր Գլխավոր ասամբլեայում քվեարկությունից առաջ հանդես գալով մեկնաբանությամբ՝ հայտարարել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը։ Չնայած ավելի վաղ տարածված տեղեկատվության, թե Հայաստանը ձեռնպահ կմնա քվեարկվելիս, բայց Հայաստանի ներկայացուցիչը դեմ քվեարկեց բանաձեւին: Հայաստանից բացի, բանաձևին դեմ են քվեարկել նաև բռնապետական վարչակազմերով հայտնի Բելառուսը, Վենեսուելան, Սուդանը, Սիրիան, Հյուսիսային Կորեան, Զիմբաբվեն, Բոլիվիան։ Ի դեպ, ՀԱՊԿ անդամ Ղրղըզստանն ու Տաջիկստանը ընդհանրապես չեն քվեարկել: Չի քվեարկել նաև Թուրքմենստանը: Քվեարկությունից առաջ Ուկրաինայի պատվիրակությունը դիմել էր միջազգային համայնքին՝ կոչ անելով կողմ քվեարկել՝ Ռուսաստանի «հետագա ագրեսիան կանխելու համար»։ Միջազգային գործակալությունները նշում են, որ կողմ քվեարկած երկրների թիվը սպասվածից մեծ է եղել: