Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոյանն ակնարկում է ընդդիմության անգրագիտության մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
7b769cce07fe46e1e1d4a1f4e2651fdb

Ընդդիմությունը թող իշխանափոխության մասին մոռանա, անիմաստ հույսեր են. «Անհույս ա, իհարկե, մենք մեծամասնություն ենք Ազգային ժողովում»՝ ասում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը: ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայրը՝ Ռուբեն Հովսեփյանը, առաջին անգամ է լսում, որ ընդդիմությունը պատրաստվում է անվստահություն հայտնել կառավարությանը. «Է, թող հայտնեն»: Ինքը միակը չէ, ով կարծում է, թե կառավարության օրերը հաշված չեն, այս կառավարությունը դեռ երկար է գոյատեւելու։ Ըստ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Աղաբաբյանի՝ «Ընդդիմությունն էսօր շոուներ է անում»: Սամվել Նիկոյանին հետաքրքիր է` որտեղից ընդդիմությունն Ազգային Ժողովում պետք է գտնի 66 կողմ ձայն, որպեսզի անվստահություն հայտնի կառավարությանը. «Իսկ իրենք 1-ից մինչեւ 66 հավանաբար լավ չեն հաշվել»: Ըստ Ազգային ժողովի նախկին նախագահի՝ հո անվստահություն պահանջելով չէ: Մարդիկ կձախողվեն, լրագրողներին կբացատրեն, թե ինչու ձախողվեցին ու կհանգստանան: Եվ թող հեղափոխությամբ չվախեցնեն: Առնետավազքը պարոն Նիկոյանը բացառում է, Սահմանադրական դատարանի վճռից հետո հանրապետականները խմբակցությունից չեն փախչի: Դա Հովիկ Աբրահամյանն էլ է պնդում. «Հանրապետական խմբակցությունը շատ կուռ է»՝ ասում է նա: Հովիկ Աբրահամյանն ուրախ է, որ կառավարության անվստահությունը քննարկվելու է ԱԺ-ում, դա ամենաճիշտ ամբիոնն է հրաշալի քառյակի նախաձեռնության քննարկումների համար. «Դա իմ կարծիքով շատ լավ մոտեցում է, անկախ՝ նախաձեռնողը հրաշալի է, թե հրաշալի չէ»: Առայժմ Հովիկ Աբրահամյանին չի հասել ոչ իշխանական ուժերի նախաձեռնությունը, կլինի՝ ավելի մանրամասն կխոսեն: Փաստն այն է, որ Հանրապետականը վստահում է իր կառավարությանը, ժողովրդի վստահությունից տեղյակ չէ. «Դե ես հարցում չեմ անցկացրել, դուք անցկացրել եք՝ ուղարկեք»: Ի դեպ, խորհրդարանի ղեկավարը նկատեց, որ պարտադիր կուտակայինի մասին օրենքում թերություններ կան, որոնք մտադիր են փոխել. «Բայց դա չի լինի ճնշումների տեսքով, այլ` քննարկումների»: «Պարտադիր» բաղադրիչը հանելու մասին առայժմ խոսք չկա, բայց քննարկել պատրաստ են: