Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կհրապարակվի «Հարսնաքար»-ի գործով դատավճիռը

Կարևոր լուրեր Քաղաքականություն
2786c91fe844fa9a04f307aecabe945e

Այսօր՝ ժամը 14.00-ին, կհրապարակվի «Հարսնաքար»-ի գործով դատավճիռը։ Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը մարտի 12-ից գտնվում է խորհրդակցական սենյակում։ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցներ Գարիկ Մարգարյանը, Դավիթ Ադամյանը, Արթուր Բաբլոյանը, Արման Բաղդասարյանը, Արման Խաչատրյանը եւ Նորայր Հայրապետյանը մեղադրվում են անցյալ տարվա հունիսի 17-ին 4 ռազմական բժիշկներին՝ Վահե Ավետյանին, Արկադի Աղաջանյանին, Էդգար Նիկոյանին եւ Արտակ Բայադյանին ծեծի ենթարկելու մեջ։ Դաժան ծեծի արդյունքում ռազմական բժիշկ Վահե Ավետյանը մահացավ՝ այդպես էլ գիտակցության չգալով։ Նախաքննության, ինչպես նաեւ դատաքննության ընթացքում, ամբաստանյալները իրենց ցուցմունքներում նշել են, որ վիճաբանության մեջ են մտել ռազմական բժիշկների հետ, որը վերածվել է ծեծկռտուքի։ Դատաքննության ավարտին նրանցից Նորայր Հայրապետյանը հայտարարեց, թե ինքը մենակ է ծեծել Վահե Ավետյանին, ինչը շրջադարձ մտցրեց Հարսնաքարի գործում: Այժմ մնացած 5 ամբաստանյալներն ամեն կերպ փորձում են հիմնավորել, թե կապ չունեն տեղի ունեցածի հետ, եւ առաջադրված մեղադրանքն անհիմն է։ Հիշեցնենք, որ մեղադրողը միջնորդել է բոլոր 6 ամբաստանյալներին դատապարտել 13 տարվա ազատազրկման եւ 100 000 դրամ տուգանքի։