Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրահավաքն ավարտվեց (տեսանյութ)

Քաղաքականություն
MHM86415_copy

«Դ!եմ եմ» նախաձեռնության կազմակերպած հանրահավաքի մասնակիցները երթից հետո վերադարձան Ազատության հրապարակ: Ելույթ ունեցավ դերասան Աշոտ Ադամյանը: «Մե´նք ձեզ հետ միասին պետք է որոշենք, թե ինչն է մեզ օգտակար, ինչը` ոչ»,- հավաքվածներին ասաց նա: Ադամյանը նշեց, որ չլինելով տնտեսագետ, գլխի է ընկնում, որ 40 տարով պարտք տալ չի կարելի: «Յա էշը կմեռնի, յա էշատերը: Ուրեմն ճիշտ եք անում: Իհարկե, դեմ ենք»,- հայտարարեց նա։ Դերասանը նշեց, որ այն գումարները, որոնք պետությունը պետք է ավելացնի քաղաքացու կուտակելիք գումարին, դարձյալ քաղաքացու գրպանից է ավելացնելու: Աշոտ Ադամյանը ավազակություն որակեց կուտակայինը, ԱՊՊՆ-ն, կարմիր գծերը, քանի որ Հայաստանը Հոլանդիա չէ: Գուցե Հոլանդիայում այդ ծրագրերն աշխատեն, բայց Հայաստանում չեն աշխատում, քանի որ համակարգը չունի այդ կարողությունները: Աշոտ Ադամյանը կարևոր համարեց, որ «Դ!եմ եմ»-ը խոսքից դառնա գործ: «Եթե գործ չի լինում, թքել եմ էդ խոսքի վրա»,- ասաց նա: Հանրահավաքը փակեց «Դ!եմ եմ» նախաձեռնության ադնամ Հայկ Ավետիսյանը: «Անկախ նրանից` ինչ սխալներ ենք արել և ինչ սխալներ կարող ենք անել, միևնույն է` չենք հանձնվելու: Ամեն ինչը ունի ինչ-որ սահման: Հիմա մեր երկրում բոլոր սահմանները արդեն անցած են: Այլևս հնարավոր չի համբերել: Պայքարը շարունակվելու է»,- հայտարարեց Հայկ Ավետիսյանը: Նա հիշեցրեց, որ բոլորը Սահմանադրական դատարանից պահանջում են հակասահմանադրական ճանաչել բոլորին այդքան ակնհայտ հակասահմանադրական օրենքը: Ավետիսյանի խոսքով` կան բազում աշխատանքային խմբեր, որոնք թեև որևէ կոնկրետ շտաբում չեն հավաքվում ու քննարկում կուտակայինի հարցը, սակայն հեռախոսով կամ տարբեր տեղեր հավաքվելով քննարկում են: «Անընդհատ այս պրոցեսը, որը նման է նախահրաբխային լավայի ժայթքման պրոցեսին, մոտենում է իր կուլմինացիայի և կանգ չի առնելու: Միասնական ենք ու պատրաստ ենք պայքարելու, և պայքարը չի մարելու»,- հայտարարեց Հայկ Ավետիսյանը: Հավաքվածները սկսեցին վանկարկել` «Ոչ պարտադիրին»:   Այնուհետև միացվեց երաժշտություն: «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամը հավաքվածներին առաջարկեց զվարճանալ` չմոռանալով, որ գործը դեռ կիսատ է: