«Վիկիպեդիայի» խմբագիրները վիճում են Ղրիմի պատճառով
«Վիկիպեդիա» համացանցային հանրագիտարանի ռուսալեզու էջերը խմբագրող օգտատերերը չգիտեն, թե ինչպես վարվել Ղրիմի վերաբերյալ այն հոդվածների հետ, որոնք անդրադառնում են թերակղզին Ռուսաստանի կազմում ներառող համաձայնագրերին։ Այս մասին հայտնում է BBC-ն ։ Ամենից շատ բանավեճերի տեղիք է տվել այն հոդվածը, որը պարզապես վերնագրված էր «Ղրիմի Հանրապետություն»։ Կայքի հեղինակներն առաջարկել են «Ղրիմի Հանրապետություն (2014)» տարբերակը՝ փորձելով դրանով արտացոլել տարածաշրջանի ֆորմալ առումով անկախ կարգավիճակը միջազգային հանրության կողմից չճանաչված, այսպես կոչված, հանրաքվեից հետո։ Հոդվածի վերանվանման հակափաստարկների մեջ կային և օբյեկտիվները («Հասկացությունը ճշգրտման կարիք չունի»), և այնպիսիք, որոնք հղում էին արել անձնական փորձին («Ավելի քան 30 տարի ապրում եմ Ղրիմում, վստահ եմ՝ կարտահայտեմ շատերի կարծիքը»)։ «Վիկիպեդիա» համացանցային հանրագիտարանը տեղեկատվությամբ կարող է համալրել ու խմբագրել յուրաքանչյուր ոք, ով պահպանում է հոդվածների հրապարակման կանոնները։ Ավելին, Ղրիմի վերաբերյալ բանավեճի մասնակիցներին հետաքրքրել է անկախության հռչակման և ուկրաինական ինքնավար հանրապետության՝ Ռուսաստանին ֆորմալ միացման միջև ընկած «անցումային շրջանի» մեկնաբանության խնդիրը։ «Անխոս, քանի դեռ Ուկրաինան համաձայնություն չի տա Ռուսաստանին Ղրիմի միացմանը, ամենուրեք, որտեղ մեր կանոններով նշվում է Ղրիմի տարածքում գտնվող այս կամ այն օբյեկտի պետական պատկանելությունը, անհրաժեշտ կլինի նշել թե Ռուսաստանը, թե Ուկրաինան, և ծանոթագրություն տալ այն մասին, որ Ուկրաինան չի ճանաչում Ղրիմի անցումը Ռուսաստանի կազմ»,- «Վիկիպեդիայի» ֆորումում գրել է բանավեճը նախաձեռնած օգտատերը՝ wulfson-ը։