Արա Ավետիսյանն ազատվե՞լ է ռեկտորի պաշտոնից
Արդյո՞ք Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանն ազատվել է ռեկտորի պաշտոնից՝ դեռ պարզ չէ։ «Ա1+»-ի հետ զրույցում պարոն Ավետիսյանը նախ զարմացավ, թե ինչու ենք ընդմիջման ժամին իրեն զանգահարել, այնուհետեւ որեւէ հարցի չպատասխանեց՝ նշելով, որ զբաղված է։ Վերջինս առաջարկեց զանգահարել ավելի ուշ։ Համալսարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վերոնիկա Խորասանյանը նշեց, որ որեւէ փաստաթուղթ ինքը չի տեսել, ուստի ոչ կարող է հերքել եւ ոչ էլ հաստատել այդ լուրը։ Նա, սակայն, ավելացրեց, որ Արա Ավետիսյանն առավոտյան ներկայացել է աշխատանքի։ Իսկ Կրթության եւ գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արթուր Բաղդասարյանը տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ ռեկտորի ազատման հետ կապված նախարարի հրաման չկա։ Մենք կրկին կփորձենք կապվել Արա Ավետիսյանի հետ։ Ըստ լուրերի՝ պաշտոնից ազատման պատճառ կարող է լինել բուհի ֆինանսական միջոցների ոչ նպատակային ծախսումը։