Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ-ի վարչապետական թեկնածուն ՕԵԿ-ի՞ց (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
aj2

«Ժառանգությունը» դեմ չէ, որպեսզի հանրապետականը միանա 4 ոչ իշխանական ուժերին իշխանությունից զրկվելու կամ փոփոխություններ իրականացնելու հարցը միասին քննարկելու համար: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասում է, սակայն, որ, ցավոք, իշխանությունը առայժմ որեւէ մեսիջ չի ուղարկում, որ ինքը պատրաստ է դրան: Դաշնակցությունը նույնպես դեմ չէ, որ հանրապետականները միանան 4 ոչ իշխանական ուժերին, միայն թե երկիրն այս վիճակից դուրս բերեն: ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի խոսքով՝ «Ո՞վ կլինի 5-րդը, 6-րդը, մենք որեւէ հարց չունենք»: «Օրինաց երկրին» հասկանալի չէ, թե ինչու պետք է ընդդիմության հետ քննարկեն իշխանությունից զրկվելու հարցը Ըստ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանի՝ «Դա ժողովուրդն է որոշում իր ընտրությունների միջոցով»: Արամ Մանուկյանի համար հանրապետականների միացումն անհնար չէ, ինքն արդեն Ազգային Ժողովի դահլիճում հանրապետականների աչքերի մեջ տեսնում է իշխանափոխության համաձայնություն. «Էնպես չի, որ մեր էս երկու տարվա խորհրդարանական աշխատանքը արդյունք չի տվել»: Ուղղակի պարոն Մանուկյանը հասկանում է, որ այդ հանրապետականները լուրջ ճնշման տակ են, հենց նրանց էլ ընդդիմությունը պետք է կարողանա պոկել Սերժ Սարգսյանից. «Բոլոր իշխանափոխությունները, բոլոր խաղաղ կամ ոչ խաղաղ հեղափոխությունները տեղի են ունենում ոչ միայն ընդդիմության ուժեղացումով, այլեւ իշխանական բլոկից կտորներ պոկելով, դեպի ընդդիմություն գնալով»: «Բարգավաճ Հայաստանը» հույս ունի, որ հանրապետականն իրենց ճիշտ կհասկանա` իրենք փոփոխություն են ուզում: ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանն ասում է. «Եթե չեն գնա, դա իրենց խնդիրն է»: Միաժամանակ, պարոն Մարգարյանը վստահեցրեց, որ ԲՀԿ-ն կառավարության ղեկավարի պաշտոն չի ուզում, ինքը պարզապես ուզում է մի կառավարություն, որի չափորոշիչների մասին ԲՀԿ-ն կհայտարարի. «Ով կղեկավարի դա, առանձին հարց է, դա քննարկելու հարց է, մենք անձերի խնդիր, չորսից մեկը չի դնում»: ԲՀԿ-ն պատրաստ է քննարկել նույնիսկ «Օրինաց երկիրը» ներկայացնող վարչապետ ունենալու հարցը: Գալուստ Սահակյանը հակադարձում է` ասելով չէ: Ինքը գիտի, որ ոչ իշխանական ուժերի ուզածը երկիրը փոխելը չէ, այլ մի բան, որ բոլորն են ուզում. «Սաղ աշխարհը պաշտոն է ուզում, դուք գիտեք ենթատեքստում էդ չէ՞: Հիմնական գաղափարներ, սկզբունքներ չկան, մարդիկ ասում են` մենք ուզում ենք գանք իշխանության, հեռացեք»: