Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոնգրեսի անդամները՝ ամերիկահայերի կողքին

Քաղաքականություն
կոնգրես

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Ներկայացուցիչների պալատում Կոնգրեսի տասնյակ անդամներ հանդես եկան հայտարարություններով և ելույթներով ի հիշատակ Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում հակահայկական ջարդերի 26-րդ տարելիցին,- հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար): «Այս ողբերգական տարելիցին, երբ մենք սգում ենք այդ անմեղ կյանքերի կորուստը, մենք մտահոգ ենք Լեռնային Ղարաբաղի ներկայիս հակամարտության և Ադրբեջանի քաղաքական առաջնորդների կողմից հրահրիչ հռետորաբանության պարբերական միջադեպերի և սահմանի երկայնքով շարունակվող ռազմական բախումների վերաբերյալ», - հայտնեց Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը` հավելելով. «Կարևոր է, որ Ադրբեջանի առաջնորդները զերծ մնան սադրիչ հայտարարություններից և արդյունավետ բանակցություններ վարեն` Լեռնային Ղարաբաղում հարատև խաղաղություն հաստատելու նպատակով»: 1988թ. նախ Սումգայիթում, ապա 1989թ. Կիրովաբադում և 1990թ. Բաքվում ադրբեջանցիների զինված ամբոխները դուրս եկան փողոցներ՝ թիրախ վերցնելով հայերի տներն և ոչնչացնելով հայերին պատկանող ձեռնարկությունները, մինչդեռ Ադրբեջանի անվտանգության ծառայությունները ոչ մի կերպ դա չէին կանխում: Արդյունքում, հազարավոր հայեր վիրավորվեցին և անթիվ անհամար մարդիկ լքեցին իրենց տները` արդյունավետորեն զտելով Ադրբեջանը քրիստոնյա հայ փոքրամասնությունից: Մինչ վերջին տարիներին ադրբեջանամետ օրենսդիրների մի խումբ փորձում է սատարել ինքնակալ վարչակարգին, Համագումարը աշխատում էր տեղի ունեցած հայերի ջարդերի մասին իրազեկել Կոնգրեսի անդամներին և հանրությանը: Հիշեցնենք, որ Համագումարը Կոնգրեսում տարածել է իր «Սումգայիթ. Հանրային գրառում» զեկույցը և շարունակում է աշխատել Կոնգրեսում հայկական հարցերով զբաղվող խմբի հետ այս հույժ կարևոր խնդրի շուրջ: Զուգահեռներ անցկացնելով 25 տարի տարբերությամբ տեղի ունեցած իրադարձությունների միջև` կոնգրեսական Բրեդ Շերմանը հայտնեց. «Այս ամիս նույնպես նշվեց Բուդապեշտում ՆԱՏՕ-ի ուսումնական դասընթացի ժամանակ ադրբեջանական բանակի լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից իրականացրած Հայոց բանակի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սարսափելի սպանության 10-րդ տարելիցը»: «Սաֆարովը օգտագործել էր կացին սպանելու Մարգարյանին, մինչ վերջինս քնած էր», - ասաց Շերմանը` հավելելով. <Հունգարիայի դատարանի կողմից սպանության համար դատապարտվելուց հետո` նրան տեղափոխեցին Ադրբեջան, որտեղ անմիջապես ներում շնորհեցին և փառաբանեցին որպես հերոս>: Համաձայն Շերմանի հայտարարության, «Որոշ ադրբեջանական պաշտոնյաներ Սաֆարովի գործողությունները գնահատել են որպես հայրենասիրություն: Սա անընդունելի է, և միջազգային հանրությունը պետք է Ադրբեջանին պատասխանատվության առաջ կանգնեցնի».-ասաց նա` ցույց տալով, թե ինչպես են Ադրբեջանի առաջնորդները խտրական և անհանդուրժող օրակարգ հրահրում իրենց հայ հարևանների նկատմամբ: «Ողջ ամերիկահայ համայնքի անունից ես շնորհակալություն եմ հայտնում սենատոր Քիրքին և Կոնգրեսի ներկայացուցիչներ Ռոյսին, Շիֆին, Շերմանին, Փալոնեին, Էշյուին, Քլարքին, Չիչիլինեին, Կարդենասին, Չուին, Սանչեսին և Փիթերսին` մարդու իրավունքների հարցերի շուրջ իրենց սկզբունքային դիրքորոշման և Ադրբեջանի` հակահայկական քաղաքականությանն ուղղված խիստ հաղորդագրություն հղելու համար», - հայտնեց համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: Բոլոր անդամների հայտարարությունների ամբողջական տարբերակները հասանելի են` Համագումարի նորությունների բլոգում:   Ամերիկայի հայկական համագումար