Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյուղացին պարարտանյութի փող չունի

Հասարակություն
PARARTANYUT

Այս տարի գյուղացին հողը կարող է սնուցել 3 տեսակի պարարտանյութով՝ ազոտական, ֆոսֆորական և կալյումական։ Գյուղացին մեկ պարկ ազոտական պարարտանյութը կարող է գնել 6000, իսկ ֆոսֆորականը և կալյումականը՝ 7000 դրամով։ Գյուղապետարաններն արդեն ստացել են պարարտանյութերի համապատասխան չափաքանակը, իսկ գյուղացին պարարտանյութը կարող է գնել միայն նախապես վճարելու դեպքում։ Գյուղացիներից շատերը, սակայն, այն դեռ ձեռք չեն բերել։ Գյուղատնտեսական աշխատանքները սկսելու համար տիկին Անուշին 2 պարկ ազոտական պարարտանյութ է անհրաժեշտ։ Նախատեսված պարարտանյութից հողագործը մեկ կիլոգրամ անգամ չունի, գնել չի պատրաստվում։ Ասում է՝ գումար չունի պարարտանյութի համար նախօրոք վճարելու. «Գյուղապետարանում բերում վաճառում են, էդ էլ պետք է նաղդ փողը վճարես՝ գլխանց տաս, նոր առնես, որ մի քիչ փողն ուշացնես հարմար չի իրենց», - նշում է Արշալույս գյուղի բնակչուհին։ Կանխիկ գումարով մեկ պարկ պարարտանյութ գնելու հնարավորություն չունի նաև Արարատի մարզի Զորակ գյուղի բնակիչ Սարգիս Կարապետյանը. «Մի պարկ պարարտանյութն ինչ ա, որ չենք կարողանում գնել՝ հնարավորություն չունենք»։ Նրա խոսքով՝ պարարտանյութի համար սահմանված գինը հարմար է գյուղացու գրպանին միայն մեկ պայմանով, եթե նրան հաջողվի բերքն իրացնել. «Որ մեր հողի ապրանքը նորմալ վաճառվի՝ ձեռնտու է, եթե չէ՝ չէ», - ավելացնում է հողի մշակը։ Բանջարաբոստանային մշակաբույսերի աճեցմամբ զբաղվող Սարգիսը դժգոհում է հատկապես գնորդների պակասից։ Թե ինչու՞ իր մշակած բերքը գնորդի պակաս ունի, գյուղացին հետևյալ վարկածով է բացատրում. «Հայաստանում մարդ չի մնացել, սաղ գնացել են, առևտուր անող չկա»։