Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կանայք պոլիկլինիկական ծառայություններից չեն օգտվում (տեսանյութ)

Հասարակություն
Hghi

«Ապագա մայրերի բողոքի ցույցերը  կապված մարտի 1-ից ուժ մեջ մտնելիք վճարովի ծառայությունների հետ, թերի տեղեկացվածության արդյունք էին»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Առողջապահության նախարարության մայրության և վերարտադրության բաժնի պետ Գայանե Ավագյանը: Տիկին Ավագյանի խոսքերով` վերջին տարիներին մեծացել են կանանց և երեխաների առողջության պահպանմանն ուղղված նպատակային ծրագրերը: «Հայաստանը եզակի երկրներից է, որտեղ իրականացվում է 15 տարեկան աղջիկների համալիր հետազոտություն, առողջական վիճակի գնահատում, շեղումների, ախտաբանությունների վաղ հայտնաբերում և վերացում: 14-15 տարեկան տղաների շրջանում նույնպես կատարվում է զանգվածային ուսումնասիրություն: Սա նպաստում է անպտղության նվազեցմանը»: Թեև կանայք ցանկացած ժամանակ կարող են դիմել իրենց տարածքային պոլիկլինիկաներ, հետազոտվել և խնդիրների դեպքում բուժվել, սակայն, Գայանե Ավագյանի խոսքերով, նրանք հաճախ չեն օգտվում իրենց այդ իրավունքից: «Նրանք հիմնականում դիմում են բժիշկներին, եթե կա հիվանդություն»: Վիճակն ավելի լավ է հղիների շրջանում: Նրանք հղիության հենց առաջին օրերից դիմում են խորհրդատվությունների: «Հայաստանը այս առումով ունի զարգացած երկրների ցուցանիշ: Այսինքն՝ նախածննդյան հսկողությունում ներգրավված է հղիների 98%-ը: Սա նպաստում է մայրական և մանկական մահացության դեպքերի նվազեցմանը»: Այդ դեպքերի նվազեցմանը նպաստել է նաև բժշկական օգնության որակի բարելավումը, բժշկական սարքավորումների ավելացումը, բուժաշխատողների գիտելիքների կատարելագործումը, ինչպես նաև մարդկանց տեղեկացվածության աստիճանի բարձրացումը: «Մենք արդեն սովորել ենք մանկաբարձական ախտաբանությունները կանխատեսել և կանխարգելել: 2013 թվականին գրանցվել է ամենացածր մանկական և մայրական մահացության ցուցանիշը»: