ԻՆՉՈ՞Վ ԳԱՅԹԱԿՂԵՑԻՆՔ ԵՎՐՈԲԱՆԿԻՆ
Աջակցիր «Ա1+»-ին
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը մինչ օրս Հայաստանն ու Վրաստանը որպես մեկ միավոր էր դիտում, ընդ որում՝ մեր երկրին տալով երկրորդական նշանակություն: Իսկ հիմա կարող ենք հպարտանալ, քանի որ Հայաստանն արդեն ունի ՎԶԵԲ-ի առանձին կառավարիչ:
ՌԴ Սանկտ-Պետերբուրգ քաղաքում ծնված, բայց ԱՄՆ քաղաքացի Մայքլ Վայնստայնը այսուհետ կգլխավորի Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հայաստանյան մասնաճյուղը: Մինչ այստեղ գալը նա հինգ տարի աշխատել է Մոսկվայում, դրանից առաջ՝ Մեքսիկայում, Բրազիլիայում, Չիլիյում, Ղրղզստանում, Հոնդուրասում, ԱՄՆ-ում: Ղրղզստանում, օրինակ, կառավարել է Հանաշխարհային Բանկի վարկային ծրագրերի համար ընկերությունների ընտրության գործընթացը:
Վարդերի եւ նարնջագույն հեղափոխություններից հետո Վրաստանում ստեղծված գործարար մթնոլորտը Մայքլ Վայնստայնը գնահատում է «բավականին» դրական՝ հատկապես վերջին 15 ամիսներին իրականացված հարկային եւ դատաիրավական բարեփոխումների ֆոնին: Ուկրաինայի մասին վերլուծություններ անելուց արտերկրացի ֆինանսիստը ձեռնպահ է մնում, քանի որ այդ երկրի փոփոխությունները նոր են ավարտվել:
Հայաստանի բանկային համակարգի վերաբերյալ ՎԶԵԲ ներկայացուցիչների գնահատականը զգացմունքային է. «Ձեր երկրի բանկային համակարգը դեռ շատ հաց ու պանիր պետք է ուտի, որ համարվի զարգացած»:
Այնուամենայնիվ, մեր «անհացուպանիր» համակարգը Եվրոպական բանկին սկսել է առանձնապես հետաքրքրել, եւ Եվրոպական միջազգային հերթական կառույցը որոշել է անդրկովկասյան հերթական հանրապետությունում ունենալ առանձին ներկայացուցչություն:
Մարիոթ-Արմենիա հյուրանոցում ՎԶԵԲ Հայաստանի նոր տնօրենի նշանակման շնորհանդեսին այսօր բանկիր Մայքլ Վայնստայնը բացահայտեց, որ սկսել են առավել հետաքրքրվել մեր երկրով, ուստի ղեկավարելու են ոչ թե դրսից՝ Վրաստանից, այլ ներսից: Նա նաեւ անկեղծացավ, որ արդեն զգում են հայաստանյան լրատվամիջոցների օժանդակության կարիքը: «Ձեր օգնությամբ պետք է բիզնեսմեններն իմանան՝ ում հետ խոսել, ում հետ գործ բռնել»,- այսօրվա ասուլիսում սեփական գովազդը նախաձեռնեց եվրոբանկի նոր կառավարիչը:
Գովազդային հոլովակներ ու ցուցապաստառներ պատրաստելով քարոզչություն իրականացնել ՎԶԵԲ-ը չի պատրաստվում, այդպես հավաստիացրեց նոր տնօրենը, մամուլի ասուլիսներով ավելի արդյունավետ կփորձեն Հայաստանում սեփական իմիջը առավել բարձրացնել: