Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զուրաբյան. «Մենք կուղարկենք Սերժ Սարգսյանին պատմության գիրկը» (տեսանյութ)

Քաղաքականություն
zurab

«Եվս մեկ-երկու այսպիսի հանրահավաք, և մենք կուղարկենք Սերժ Սարգսյանին պատմության գիրկը»,- այս պահին Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքում հայտարարեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: Նա ասաց, որ հերթի մեջ է կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը, և չբացառեց, որ Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերը ինչ-որ պահի կդնեն նաև Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը: Այնուհետև հրապարակում հավաքվածները Զուրաբյանի հետ սկսեցին վանկարկել «Սերժիկ, հեռացիր»: Զուրաբյանը նշեց, որ շարժումն ընտրել է իշխանական կոալիցիայի ներսում ճեղքեր ստեղծելու, արտաքին բնագավառում ռեժիմի խոստումների դատարկությունն ապացուցելու քաղաքականությունը, որը բացառիկ հաջողություններ է արձանագրել: «Սերժ Սարգսյանը գտնվում է կատարյալ քաղաքական մեկուսացման մեջ»,- հայտարարեց Լևոն Զուրաբյանը: Նրա խոսքով` երկրի հիմնական քաղաքական ուժերը` ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը», միասնական ճակատ են ստեղծել այս իշխանությունների դեմ: Համագործակցության այս ձևաչափը թույլ է տալիս ժողովրդին հուզող բոլոր հարցերով հավաքել անհրաժեշտ 44 ստորագրություն և ԱԺ-ին պարտադրել ժողովրդի օրակարգը, ԱԺ քննարկումների ընթացքում բարոյալքել ու կազմալուծել իշխանական մեծամասնությանը: Բանախոսն ակնհայտ համարեց այն, որ Ազգային ժողովում և Ազատության հրապարակում պայքարի համակցումը է´լ ավելի խեղճ վիճակում է դնելու իշխանությունը և թույլ տալու է´լ ավելի բարձունքներից գրոհել ռեժիմիր վրա: Զուրաբյանն ասաց, որ Սերժ Սարգսյանի հրաժարականն են պահանջում հանրության բոլոր շերտերը: «Բոլորը հասկացել են, որ Սերժ Սարգսյանը կատարելապես ձախողել է Հայաստանի պետական կառավարությունը և զբաղված է բացառապես թալանով»,- ասաց Զուրաբյանը: Նա նշեց, որ երկրի կողոպուտի և կառավարման ձախողումների հետևանքով առաջացած ֆինանսական խնդիրները Սերժ Սարգսյանը փորձում է լուծել կենսաթոշակային պարտադիր կուտակային վճարումներով, կարմիր գծերով, արագաչափերով, գազի և էլեկտրականության արհեստականորեն բարձր գներով: Այս սխեմաները բազմանալու են այնքան ժամանակ, ինչքան ժողովուրդը հանդուրժելու է ռեժիմին: Լևոն Զուրաբյանի խոսքով` Սերժ Սարգսյանն ամբողջովին ձախողել է նաև Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի խնդիրների լուծումը: Սրա հետևանքով Սարգսյանը մեկուսացել է, և աշխարհաքաղաքական կենտրոնները չեն սատարում նրան ոչ ֆինանսապես, ոչ քաղաքականապես ու այլևս չեն հանդուրժի ուժի կիրառումը հայ ժողովրդի ընդվզման դեմ: «Սա ոչ ենթադրություն է, ոչ էլ քաղաքական վերլուծություն: Սա ինֆորմացիա է, որին մենք տիրապետում ենք: Սա հավասարապես վերաբերվում է և Ռուսաստանին, և Արևմուտքին»,- հայտարարեց Լևոն Զուրաբյանը: Ուստի, նրա խոսքով` Սերժ Սարգսյանի ռեժիմը երբեք այսքան թույլ չի եղել, և այսօր ստեղծվել են բոլոր նախադրյալները` վերջինի հեռացման գործընթացը սկսելու համար: Զուրաբյանն Ազատության հրապարակում հավաքվածներին կոչ արեց հանուն Մարտի 1-ին զոհված տասը եղբայրների երդվել, որ զոհվածների գործը հասցնելու են հաղթական ավարտի և Հայաստանի դարձնելու են ազատ, ժողովրդավարական, բարեկեցիկ երկիր: Լևոն Զուրաբյանն իր ելույթը եզրափակեց «Միացում» վանկարկումով, որին միացան նաև հավաքվածները: