Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյուղապետը միայնակ է պայքարում (տեսանյութ)

Մարզեր
Hayanist-@ntrutyun

Արարատի մարզի Հայանիստ համայնքի գործող գյուղապետ Բալաբեկ Սարկիսյանը մենակ է մնացել ընտրապայքարում։ Համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրված երկու թեկնածուներն ինքնաբացարկ են հայտարարել։ Թեկնածու մրցակիցներից Սուրիկ Պողոսյանի ընտրապայքարից հրաժարվելը Սարկիսյանը հետևյալ կերպ է բացատրում. «Ընտրարշավի ժամանակ, երբ որ մտել է մարդկանց տները քարոզարշավի, հասկացել է, որ ինքը համայնքի ղեկավարի թեկնածու չի, բացի այդ, ժողովուրդը լավ է ճանաչում իմ հակառակորդին՝ մարդկանց մեջ խոսակցություն էր տարածվել, որ նա, երբ գազի գրասենյակում հավաքագրող էր աշխատել, ժողովուրդը բողոքում էր, որ հավաքագրումը լավ չի կատարել»։ Հայանիստ գյուղում խոսակցություններ են շրջանառվում, որ գործող գյուղապետը ճնշումներ է գործադրել Սուրիկ Պողոսյանի և նրա կողմից ավագանու պաշտոնում առաջադրված թեկնածուների վրա. Արդյունքում գյուղապետի թեկնածու Սուրիկ Պողոսյանը տեղի է տվել ճնշումներին եւ իր թեկնածությունից հրաժարվել: Համայնքի ղեկավարը հերքում է թեկնածուների վրա գործադրվող ճնշումների մասին խոսակցությունները. «Էդ ուժը ես ունե՞մ, որ վախեցնեմ, նա ինձ համար մի լուրջ թեկնածու չի, իրենց կողմից առաջադրված ավագանու թեկնածուները նույնպես լուրջ մրցակիցներ չեն, հիմա էլ աշխատում են ինձ մոտ՝ նրանք որպես ավագանի չեն կարողանում իրենց աշխատանքները կատարել»։ Իսկ գյուղապետի նախկին թեկնածու Սուրիկ Պողոսյանը նույնպես հերքում է իր վրա գործադրված ճնշումների մասին լուրերը. «Մենք նույն կուսակցությունից էինք առաջադրվել, դրա համար ես հանեցի՝ կամ ինքը ինձ համար ձայն պետք է հավաքեր կամ ես իր»։ Պողոսյանի տեղեկացմամբ, սակայն, իր թիմակից ավագանիներից մեկը թեկնածությունը հանել է։ Նրա խոսքով՝ ավագանին թեկնածությունը հանել է կոնֆլիկտի պատճառով։ Իսկ թե ինչ կոնֆլիկտի մասին է խոսքը, Պողոսյանը չցանկացավ հայտնել։ Համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրությունները Հայանիստ գյուղում նախատեսված են մարտի 9-ին։