«Հարցերը կլուծվեն Մարտի 1-ի հրապարակում» (տեսանյութ)
Ովքե՞ր են մարտի մեկի սպանությունների կատարողներն ու կազմակերպողները՝ նախաքննությունը մինչ օրս այդ հարցի պատասխանը չի տվել: Այսօր ԱԺ ամբիոից հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա հիշեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանն այդ օրն անգամ չբարեհաճեց սգի օր հայտարարել. «Ավելին, նա հայտարարեց, որ զոհված ութ ցուցարարները հանցագործություն են կատարել: Ինչպես կարելի է հետմահու անվանարկել զոհերին: Ցավ չի կարող զգալ միայն մարդասպանը: Մարտի մեկը ժողովրդական ընդվզման լուսավոր մի օր էր, որը ճնշվեց տանկերի թրթուրների տակ: Սակայն քաղաքացիական պոռթկումի նոր էներգիան կուտակվում է մարդկանց մեջ»: Նա անդրադարձավ նաեւ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե ժողովրդի 80 տոկոսը չի վստահում պարտադիր կուտակային համակարգին, սակայն ներդնելու են այդ համակարգը. «Ստացվում է՝ ժողովուրդը մոսկա է, որի կարծիքը կարելի է շան տեղ չդնել: Հայ ժողովուրդը համբերատար, բայց անինքնասեր չէ: Մարտի մեկի դեպքերը չկրկնելու համար պետք է ճիշտ հետեւություններ անել: Եթե իշխանությունները դասեր չքաղեն իրենց քայլերից, ապա մարտի մեկի հրապարակում կլուծվեն այդ հարցերը»: