«ԿԱՄՔԸ» դադարեցնում է ցույցերը
«ԿԱՄՔ» քաղաքացիական շարժումը ժամանակավորապես դադարեցնում է ցույցերը՝ կապված «Նաիրիտ» գործարանում արդեն տեւական ժամանակ աշխատավարձերի չվճարման խնդրի հետ: Ինչպես «Ա1+»-ին հայտնեց «ԿԱՄՔ» քաղաքացիական շարժման հիմնադիր Արտաշես Ավետիսյանը, շարժումը ողջունում է «Ռոսնեֆտ» ընկերության կողմից իրականացվող ծրագրերը, որոնք պետք է կյանքի կոչվեն Հայաստանում և հնարավորություն ընձեռեն «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին ունենալ աշխատանք` նոր կառուցվելիք գործարանում։ «Մենք չենք սատարում որևիցե քաղաքական խմբակցության կամ միության անպատասխանատու ցույցերը կամ գործողություններն այս խնդրում, որոնք կարող են վնասել այս պրոցեսի իրականացմանը»,- ասում է Արտաշես Ավետիսյանը: Ի դեպ, այսօր ԱԺ-ն արտահերթ կարգով պետք է քննարկի ՀՅԴ խմբակցության նախաձեռնությունը՝ ստեղծել «Նաիրիտ» գործարանի հետագա ճակատագրի հարցով ժամանակավոր հանձնաժողով։ Իսկ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» երիտասարդական միությունը կոչ է անում բոլորին՝ այսօր, ժամը 14:00-ին լինել Ազգային ժողովի մոտ՝ միասին սատարելու ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության կողմից ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու պահանջին, որը ներկայացվելու է հրատապ արտահերթ օրակարգով: