Ինչպես անել, որ հանձնաժողովը չդառնա «գազը բաց թողնող»
Գազի հարցերով ստեղծվելիք հանձնաժողովը նաեւ պետք է պատասխանի՝ արդյոք հիմա պարտք կուտակվո՞ւմ է, թե՝ոչ. այսօր հայտարարեց ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Նրա խոսքով՝ հանձնաժողովը նաեւ պետք է պատասխանի, թե ինչպես է պատահել, որ սահմանի եւ սպառվող գազի միջեւ տարբերությունը կազմում է 200 ԱՄՆ դոլար։ Էդմոն Մարուքյանը նաեւ հորդորեց հանձնաժողովում քննարկել ներտնային սպասարկման նպատակահարմարության հարցը։ «Ո՞վ է որոշել համակարգը ներդնելու, այնուհետեւ մոնոպոլ դարձնելու եւ սպասարկման հետ կապված։ Եթե գազի համար անհրաժեշտ է, ինչու ջրամատակարարման կամ էլեկտրաէներգիայի համար չկա, եւ սա անտրամաբանական բան է։ Հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքում սպասարկումը պետք է դրվի այն ընկերության վրա, ով գազամատակարարում է իրականացնում»,- նշեց Էդմոն Մարուքյանը։ Իր երկարամյա լրագրողական փորձը մեջբերելով էլ ԱԺ հանրապետական խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը խորհուրդ տվեց նիստերն այնուամենայնիվ անցկացնել առանց լրատվամիջոցների՝ փակ։ Նրա խոսքերով՝ գրեթե բոլոր պատգամավորները չեն ուզում կորցնել հնարավորությունը իրենց կարծիքն արտահայտելու եւ տեսախցիկների առջեւ երեւալու համար։ Ըստ տիկին Եսայանի՝ եթե գազի խնդիրներով զբաղվող հանձնաժողովը բաց նիստեր անի, ապա «լուրջ մտահոգություն ունեմ, որ կդառնա «գազը բաց թողնող» հանձնաժողով»։ Մարգարիտ Եսայանի խոսքը, սակայն, կիսատ մնաց աշխատանքային օրվա ավարտի պատճառով։ ԱԺ-ն իր նիստը կշարունակվի վաղը։