Բողոքի ակցիա Օհանավանում. ով է նոր ՀԷԿ-ի տերը (տեսանյութ)
Օհանավանի մի քանի տասնյակ բնակիչներ գյուղի կենտրոնում բողոքի ակցիա են կազմակերպել` Ապարան ջրամբարի մոտ կառուցվող Հիդրոէլեկտրակայանի կառուցապատման դեմ: Բնակիչների խոսքով` առանց իրենց հարցնելու ՀԷԿ են կառուցում, իսկ կառուցելուց հետո 70-ական թվականներին լուսահոգի Կարեն Դեմիրճյանի կողմից կառուցված խնձորի այգիները կչորանան, քանի որ ջրամբարն այդքան ջուր չունի միաժամանակ և ոռոգման, և ՀԷԿ-ի համար: Նրանք վստահ են, որ ՀԷԿ-ը կգործի հենց ոռոգման շրջանում: Ըստ օհանավանցիների՝ ոչ ոք իրենցից համաձայնություն չի ստացել. «Լսել եմ, որ Սերժի ախպերնա գէս-ը սարքում, որ սարքեն, մեր խնձորի այգիները կչորանան, մոտ 1500 հեկտար»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Մայիս Հովհաննիսյանը: Գյուղի կենտրոնից օհանավանցիները իրենց մեքենաներով շարժվեցին դեպի այն վայրը, որտեղ ընթանում են ՀԷԿ-ի աշխատանքները: ՀԷԿ-ի շինարարներից մի քանիսն էլ ասացին, որ մի քանի օր է՝ ինչ սկսել են աշխատանքները, և իրենց ոչ ոք չի կանգնեցի, եթե ուզեն, ցանկության դեպքում երեք օրում Մասիսն էլ կպոկեն-կբերեն: Ի դեպ, Ապարանի լիճը լցվում է, եթե տարին ձյունառատ է լինում: Այս տարի ըստ ապարանցիների 15 սմ ձյուն է եկել: