Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զորակցող նամակներ՝ Հրաչյա Հարությունյանի ընտանիքին

Հասարակություն
2

ՀՀ քաղաքացի, Ռուսաստանում կալանավորված 47-ամյա վարորդ Հրաչյա Հարությունյանի դուստր Լիլիթ Հարությունյանը շարունակում է իրենց ընտանիքին զորակցող բազմաթիվ նամակներ ստանալ շարքային քաղաքացիներից: «Ա1+»-ի հետ զրույցում Լիլիթ Հարությունյանը չհամաձայնեց, թե հասարակության հետաքրքրությունն արդեն մարել է 2013թ. հուլիսի 13-ի՝ մեծ աղմուկ բարձրացրած այս վթարի նկատմամբ: «Ուղղակի էդպես մեծ արձագանքներ դեռևս չեն լինում, քանի որ ոչ մի նորություն անձամբ մենք էլ չունենք»,- կարծիք հայտնեց Լիլիթ Հարությունյանը՝ հավելելով, որ երբ վթարը նոր էր եղել, իրենց ընտանիքին շատերը նաև ֆինանսապես օգնեցին: Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանի վարած, խճաքարով բեռնված բեռնատարը Պոդոլսկում հարվածել էր ավտոբուսի: Պատահարի հետևանքով զոհվել էր 18 մարդ: Հայաստանում դժգոհություն էր առաջացրել այն, որ ռուս իրավապահները նվաստացրել էին Հրաչյային՝ նրան հիվանդանոցից դատարան տանելով կնոջ ծաղկավոր խալաթով ու հողաթափերով: Հրաչյա Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ հանգեցրել է երկու և ավելի մարդու մահվան։ Այս հոդվածով նախատեսված է առավելագույնը 7 տարվա ազատազրկում։ Վարորդն ընդունել է իր մեղքը: Առաջին դատական նիստը նշանակված է մարտի 14-ին: Վթարից հետո մինչ օրս կալանավորված վարորդին չեն թույլատրել հեռախոսազրույց ունենալ ընտանիքի հետ: Նամակագրություն հնարավոր է, բայց ընտանիքը դրա անհրաժեշտությունը չի տեսել: Վարորդի մասին տեղեկություններ ընտանիքը ստանում է փաստաբանի միջոցով: Հարությունյանների՝ Ռուսաստանում ապրող հարազատները ևս չեն կարողանում տեսակցել Հրաչյային: Հրաչյա Հարությունյանը Ռուսաստան արտագնա աշխատանքի էր մեկնել, որպեսզի հոգար մահացած որդու գերեզմանին տապանաքար տեղադրելու ծախսերը: Ավտովթարից կարճ ժամանակ անց մի բարերար հոգացել է այդ բոլոր ծախսերը: Լիլիթի խոսքով՝ հայրը տեղյակ է, որ տապանաքարը տեղադրվել է: Լուսանկարում՝ 2013թ. հուլիսի 16-ին Երևանում՝ Ռուսաստանի դեսպանատան դիմաց, ի պաշտպանություն Հրաչյա Հարությունյանի կազմակերպված բողոքի ակցիան: