ԱՄՆ-ը զգուշացրել է Ռուսաստանին (տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը զգուշացրել է Ռուսաստանին Ուկրաինա ներխուժման անթույլատրելիության մասին այն բանից հետո, երբ երկրի խորհրդարանը նախագահի պաշտոնից ազատել է Վիկտոր Յանուկովիչին և նշանակել երկրի ժամանակավոր ղեկավարին: Նախագահ Օբամայի ազգային անվտանգության գծով խորհրդական Սյուզան Ռայսին, որը հանդես է եկել կիրակի օրը ԱՄՆ «Էն-Բի-Սի» հեռուստաընկերության եթերում, ուղղվել է հարց Ռուսաստանի կողմից Ուկրաինայում մի քանի օր տևած արյունահեղությունից հետո այս երկիր ներխուժում կատարելու հնարավորության, ինչպես նաև Ուկրաինայում ղեկավարության փոփոխության մասին: Պատասխանելով հարցին՝ Սյուզան Ռայսը շեշտել է, որ «Ռուսաստանի կողմից ներխուժումը շատ լուրջ սխալ կլինի»: «Երկրի բաժանումը չի բխում ո՛չ Ուկրաինայի կամ Ռուսաստանի, ո՛չ էլ Եվրոպայի կամ Միացյալ Նահանգների շահերից: Ոչ ոքի շահերից չի բխում բռնությունների վերսկսումը և իրավիճակի սրումը», - ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ազգային անվտանգության գծով խորհրդականը՝ հավելելով, որ չկա որևէ «ներքին տարաձայնություն» Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատմական կապեր պահպանելու ընթացքում Ուկրաինայի կողմից Եվրոպայի հետ ավելի սերտ հարաբերություններ միաժամանակ ստեղծելու ցանկության մեջ: Ամերիկայի ձայն