Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բրիտանական ֆիլմերի փառատոնը կմեկնարկի սիրային թեմայով

Հասարակություն
unnamed8

Բրիտանական ֆիլմերի փառատոնը այս տարի Երեւանում կմեկնարկի փետրվարի 22–ից մարտի 5–ը «Մոսկվա» եւ «Նաիրի» կինոթատրոններում։ Իսկ փետրվարի 28–ին ողջ օրը «Սինեմա Սթար» կինոթատրոնում անվճար կցուցադրվեն ֆիլմերը։ Փառատոնի սկիզբը կդրվի փետրվարի 22-ին ժամը 16.00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում` «Ամառը փետրվարին» ֆիլմով, որը հրաշալի ֆիլմ է սիրային թեմայով։ Ֆիլմերի ընտրության հարցում աջակցել է Բրիտանական խորհուրդը, եւ ընտրվել են լավագույնները, որոնք տարբեր ժանրերի են։ Ֆիլմերում արծարծվելու են ներառական և հաղորդակցության խնդիրները, քանի որ Բրիտանական խորհրդի առաջնահերթությունը ներառական խնդիրներին անդրադառնալն է։ Այս մասին այսօր հայտարարեց Երեւանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան մամուլի պատասխանատու Լիլիթ Քալանթարյանը։ Փառատոնի շրջանակում կցուցադրվի ինը ֆիլմ ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում, մասնավորապես՝ Գավառում,Գորիսում,Վանաձորում եւ Գյումրիում։ Մարզերում ֆիլմերը կցուցադրվեն մարտի 7-16ը։ Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է։ «Թումո» կենտրոնում լինելու են դասընթացներ։ «Մենք ուրախ ենք, որ թեմաների մասին խոսվելու է ոչ թե ֆիլմերի միջոցով, այլ նաեւ վերապատրաստման միջոցով»,–ասաց Լիլիթ Քալանթարյանը։ Փառատոնի շրջանակներում անցկացվելու են մրցույթներ։ Առաջին մրցույթի համար անհրաժեշտ է անձնական հեռախոսով նկարել մեկ րոպեանոց ֆիլմ՝ հաշմանդամություն ունեցող անձանց թեմաներով։ Երեք հորիզոնականները զբաղեցրածները Բրիտանական խորհրդի եւ «ԱրմենՏել»–ի կողմից կստանան մրցանակներ։ Գրախոսության մրցույթ եւս կլինի։ Սրա համար անհրաժեշտ է ինը ֆիլմերի մասին գրել գրախոսություն։ Գլխավոր մրցանակակիրը կարժանանա iPad Air–ի։ Հաջորդ մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել «Մեզ հետ, մեր կողքին» խորագրով լուսանկարներ, որոնք եւս պետք է կապված լինեն հաշմանդամության հետ։ Հաղթողին կտրվի լուսանկարչական ապարատ։ «Մենք նաեւ երկու տարի անընդմեջ աջակցում ենք «Մենք» մանկական ներառական թատրոնին, եւ երեխաների հետ աշխատելուց ստացանք արդյունքը.շատերը, ովքեր չէին խոսում, արդեն խոսում են, ովքեր չէին քայլում, արդեն քայլում են»,–նշեց «ԱրմենՏել» ընկերության մամուլի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը։ Արդեն 12-րդ տարին է, որ Բրիտանական ֆիլմերի փառատոնը անցկացվում է Մեծ Բրիտանիայի դեսպանատան հետ համատեղ, միջոցառման գլխավոր հովանավորն է «ԱրմենՏել» ընկերությունը, եւ այս տարի նոր գործընկեր է ավելացել՝«Յունիսեֆը»։