«Դ!ԵՄ ԵՄ»-ը Պոլիտեխնիկում հիշեցրել է Սերժ Սարգսյանի խոսքերը
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի 13-րդ մասնաշենքի բակում «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամները իրազեկման ակցիա են անցկացրել ուսանողների համար՝ մեծ դասամիջոցի ժամանակ։ «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամները ուսանողներին մեկ անգամ եւս հիշեցրել են, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքի ընդունումը հակասահմանադրական է: Նրանք հայտարարել են, որ ռեկտորի, ուսխորհուրդների մակարդակով իրենց նկատմամբ ճնշումներ են եղել: Հիշեցնենք, երեկ բուհի ռեկտորատը հայտարարություն էր տարածել, որով դեմ էր արտահայտվել «Դ!ԵՄ ԵՄ»-ի նախաձեռնությանը. «Առհասարակ, ճարտարագիտական համալսարանը ողջունում է ցանկացած քաղաքացիական նախաձեռնություն, որի իրականացումն առաջնորդվում է ՀՀ օրենքներով, և չի խաթարում որևէ հաստատության բնականոն աշխատանքային գործունեությունը: Անկախ այն փաստից, թե Պոլիտեխնիկի կոլեկտիվի և ուսանողության որ մասն է սատարում նախաձեռնությանը, համոզված ենք, որ մեծ դասամիջոցի ընթացքում ՀՊՃՀ տարածքում ցանկացած նմանատիպ միջոցառում անխուսափելիորեն կխաթարի ուսումնական գործընթացը»: Այսօր էլ ռեկտոր Արա Ավետիսյանը հորդորել է դասամիջոցի ավարտի հետ ակցիան էլ ավարտել։ Նախաձեռնության անդամները երթով հեռացել են բուհի մոտից՝ հիշեցնելով ԵԿՄ համագումարում Սերժ Սարգսյանի խոսքերն այն մասին, որ ժողովրդի 80 տոկոսը դեմ է այս համակարգին։