Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչի՞ց սկսվեց Ուկրաինայի ճգնաժամը

Քաղաքականություն
կիեվ

Ուկրաինայում այս գիշեր տեղի ունեցած ողբերգական բախումների պատասխանատուն երկրի իշխանությունն է: «Ա1+»-ի հետ զրույցում այսպիսի համոզվածություն հայտնեց «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը: Նա նշեց, որ ցուցարարները 2-3 ամիս առաջ հաստատ ջարդարարներ, ահաբեկիչներ, գրոհայիններ չէին, ինչպես հիմա փորձում է ներկայացնել իշխանությունը: Սաֆարյանի գնահատմամբ՝ երկրում ճգնաժամը սկսվեց այն ժամանակ, երբ իշխանությունը հրաժարվեց ընդառաջել փողոց դուրս եկած միլիոնավոր մարդկանց պահանջներին: «Երեկվա դեպքերը, այնուամենայնիվ, մի բանի մասին են փաստում, որ «Բերկուտը» ունեցել է, ըստ էության, հրաման երկրի նախագահի կողմից՝ իրականացնելու Մայդանի մաքրման գործողություններ: Եթե անվտանգության ուժեր են դուրս բերվում ժողովրդի դեմ, բնականաբար, արդեն դա հանգեցնելու է այն իրավիճակին, որ ինքնապաշտպանությունը վերածվելու է հակագրոհի, և այդպես շարունակ»,- ասաց Ստեփան Սաֆարյանը: Նրա գնահատմամբ՝ Ուկրաինայի նախագահ Յանուկովիչի գործողությունները փաստում են, որ չի ցանկանում լուծել Եվրամայդանի միլիոնավոր ցուցարարների և վերջինների հետ համերաշխ, երկրի այլ շրջաններում ապրող ուկրաինացիների օրակարգի խնդիրները: Ստեփան Սաֆարյանն անհրաժեշտություն է տեսնում անհապաղ սկսել հետաքննել այս գիշեր Կիևում տեղի ունեցած դեպքերը: Հակառակ դեպքում կողմերը կշարունակեն մեղադրել միմյանց և արդարացնել իրենք իրենց: «Ուկրաինայում ճգնաժամը հասել է իր գագաթնակետին և պահանջում է լուծումներ, այլապես սա երկիրը արյունաքամ անող կոնֆլիկտ կլինի, եթե չասեմ՝ շատ ավելի վտանգավոր հետևանքներով»,- ասաց Ստեփան Սաֆարյանը: Նրա խոսքով՝ Ուկրաինայի տրոհման վտանգ միշտ գոյություն է ունեցել, սակայն այդ վտանգը դեռևս իրական չէ: