Աղաբլիթը, Սուրբ Սարգիսը եւ կրակապաշտությունը (տեսանյութ)
Սուրբ Սարգսի տոնը Հայաստանում գնալով լայն տարածում է գտնում, եւ երիտասարդները ավելի հակված են դեպի ազգայինը։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդական կառույցների հոգևոր հովիվ, արժանապատիվ Տեր-Պետրոս ավագ քահանա Մալյանը։ Նա մեծ ուրախությամբ է նշում, որ վերջին 20 տարիների ընթացքում երիտասարդները ավելի շատ կապված են ազգային տոների հետ, քան օտարածին։ Դրա ապացույցը նաեւ Սուրբ Սարգսի տոնն է։ Հենց այդ օրն էլ կատարվում է երիտասարդների օրհնություն։ «Այն ինչ-որ կարկատանի նման մի բան է, շատ շուտ վերանալու է, կարծում եմ, որ չպետք է քարոզենք օտար տոները, գեղեցիկ տոներ ունենք, որի քաջալերիչները պետք է լինենք։ Մեր երիտասարդներն ավելի շատ հակված են այս տոնը նշելու, քան ուրիշ, ես նույնիսկ անունը չեմ ուզում նշել, քանի որ հակագովազդն ամենալավ գովազդն է»,- նշեց արժանապատիվ Տեր-Պետրոս ավագ քահանա Մալյանը։ Անդրադառնալով այդ օրը աղի բլիթ ուտելու սովորությանը՝ վերջինս նշեց, որ երիտասարդները հավատում են, որ այդ օրը պետք է տեսնեն իրենց ընտրյալին. «Ավելի շատ սա կապված է հավատ դեպի աստված, քան հավատ դեպի այդ աղաբլիթը, ինքը անմեղ մի բան է, աղ, ջուր, այլուրը, բայց ժողովրդական տոն է եւ ոչ մի աղերս չունի եկեղեցու, քրիստոնեության հետ»։ Ի դեպ, Սուրբ Սարգսի օրը՝ փետրվարի 15-ին, ժամը 14.30-ից սկսվում է խաչապտույտ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց Սիրահարների այգի, որտեղ կայանալու է «Ռեինկարնացիա» խմբի բացօթյա համերգը։ Իսկ այսօր երեկոյան սկսվում են Տյառնընդառաջի տոները։ Տյառնընդառաջը անշարժ, իսկ Սուրբ Սարգիսը շարժական տոն է։ Բոլոր եկեղեցիների բակերում տոնակատարություններ կլինեն։ «Կրակի պաշտամունք չի լինի, դրանք տարբեր բաներ են։ Երբ սկսում են անմեղ կրակը պաշտամունքի վերածել, դա հեթանոսություն է»,- եզրափակեց Արարատյան Հայրապետական Թեմի երիտասարդական կառույցների հոգևոր հովիվ, արժանապատիվ Տեր-Պետրոս ավագ քահանա Մալյանը։