Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերջին հույսը Սերժ Սարգսյանն է

Կարևոր լուրեր Տնտեսություն
5fd9bfa758d42634e6ee201443dc11a2

«Արմավիա» ավիաընկերության աշխատակիցների վերջին հույսը Սերժ Սարգսյանն է։ Նրանք կրկին նամակ են գրել Սերժ Սարգսյանին՝ ակնկալելով, որ գոնե այս դեպքում իրենց հարցը կլուծվի։ Ինչպես «Ա1+»-ին հայտնեց «Արմավիայի» նախկին աշխատակից Մարիա Ասլանյանը, մինչ օրս չի լուծվել իրենց աշխատավարձերի, վերջնահաշվարկների եւ օրապահիկների հարցը։ ««Արմավիան» մինչ այսօր չի հայտարարել իրեն սնանկ և, առավել ևս՝ չի ճանաչվել, այնուամենայնիվ, հրաժարվում է վճարել աշխատավարձերի պարտքը` պատճառաբանելով, որ գումար չունի (թեպետ մեկ ամիս առաջ վաճառեց 2 CRJ տիպի ինքնաթիռ), իսկ կառավարությունը, ըստ իր հայտարարության, «չունի ոչ մի լծակ» ազդելու գործատուի վրա: Աշխատանքի պետական տեսչությունը, որի հետ մենք կապում էինք բազմաթիվ հույսեր, եւ որը ի սկզբանե շատ ջանասեր կերպով սկսեց զբաղվել մեր խնդիրներով, մեր պայքարի ամենակարևոր պահին, չգիտես ինչու, վերակազմավորվեց, կցվեց Առողջապահության նախարարությանը՝ կորցնելով իր եռանդը: Ձևական գրությամբ օձիքներն ազատեցին` պատասխանելով, որ գործը հանձնել են վարչական դատարան, սակայն մինչ այսօր ոչ մի նիստ չկայացավ»,- գրված է Սերժ Սարգսյանին ուղղված նամակում: «Արմավիայի» աշխատակիցները խնդրում են լուծում տալ իրենց հարցին եւ հանձնարարականներ տալով համապատասխան պետական մարմիններին՝ բավարարել իրենց օրինական պահանջը։ «Արմավիայի» նախկին աշխատակիցները 67-ն են, իսկ պարտքը, ըստ իրենց մոտավոր հաշվարկների, գերազանցում է 100 մլն դրամը։