«Աշխատակիցները կարող են դատի տալ գործատուներին» (տեսանյութ)
«Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգին դեմ ելնողների շարքերը համալրվում են եւ եթե աշախատակիցներին անհանգստացնում է լուրջ խնդիր եւ իրենց չի տրվում իրենց հուզող հարցերի պատասխաններ, իրենք կարող են գործադուլ անել»,-անդրադառնալով այսօր «ՀարավԿովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակիցների գործադուլին «Ա1+»-ի հյուրասրահում ասաց «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Խաժակյանը։ Նրա խոսքերով, բազմաթիվ գործատուներ հաշվի չառնելով իրենց աշխատակիցների պահանջները, պահումներ են անում: «Գործատուների շահից չի բխում պահումները, եթե ՍԴ համարի, որ օրենքը հակասահմանադրական է, գործատուն կտուժի։ Աշխատակիցները կարող են դատի տալ գործատուներին, այն տեսանկյունից, երբ ոչ մի պատճառաբանություն չկա, թե ինչու է գումարը պահվում։ Դա ապօրինի կարող է համարվել։»,-նշեց նախաձեռնության անդամը։ Ըստ Դավիթ Խաժակյանի, «Դեմ եմ» նախաձեռնությունը կլինի նաեւ մարզերում.«Կիրազեկենք աշխատակիցներին, կլինենք Գորիսում, Կապանում»։ Նա չբացառեց նաեւ, որ եթե ՍԴ օրենքը ճանաչի սահմանադրական, կլինեն համատարած գործադուլներ։ Ի դեպ. ըստ «Դեմ եմ» նախաձեռնությունը տեղեկացնում է, որ այս պահին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի պարողներն են բողոքի ակցիա իրականացնում Օպերայի շենքի դիմաց՝ նույն պատճառով։