Գազի հարցում մեղք գործածները պատասխան կտա՞ն (տեսանյութ)
Գազի ձևավորված 300 մլն դոլար պարտքն առեղծվածային է և քրեորեն հետապնդելի արարքի մասին ենթադրությունների տեղիք է տալիս։ Այսպիսի կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանն այսօրվա ասուլիսում: Նրա խոսքով` եթե այս խորհրդարանում չհաջողվի այդ պարտքի ձևավորման բոլոր մանրամասները պարզել, ապա որևէ սերունդ ստիպված է լինելու դա անել: «Գազի պարտքը` 300 մլն դոլարը, որը ներկայացվեց որպես «կինդեր սյուրպրիզ» բնակչությանը, կազմում է այդ պայմանագրերի հիմքը, և խորհրդարանական մեծամասնությունը հասկանում է, որ թույլ տալ բզբզել այդ հիմքը, նշանակում է կասկածի տակ դնել այդ գազային համաձայնագրերը»,- ասաց Ստեփան Սաֆարյանը: Նա հավելեց, որ այդ պարտքը արտացոլված չէր պետության փաստաթղթերում, այդ պարտքի մասին չէր բարձրաձայնել Հայաստանի նախագահը Մոսկվայում էներգետիկայի ոլորտի վերաբերյալ բանակցությունների ժամանակ: Հետևաբար, շատ հեշտ է ապացուցել, որ այդ պարտքը Հայաստանի բնակչության պարտքը չէ «Գազպրոմին»: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը, սակայն, ամենևին չի ստացել տպավորություն, թե ինչ-որ բան է թաքցվել հանրությունից: Նա նշեց, որ ըստ պայմանագրի` գազի գինը հաշվարկվում է բանաձևով և ոչ թե ֆիքսված գնով: Միաժամանակ պատգամավորը կարծում է, որ ՀՀ-ն ամենաարտոնյալ գնով գազ ստացողն է: Ինչ վերաբերում է քրեորեն պատժելի արարքին, ապա Դավթյանի խոսքով` եթե նման արարք եղել է, ապա դատախազությունը դրան կանդրադառնա: «Ես գազի մարդ չեմ, ոչ էլ պարոն Սաֆարյանն է գազի մարդ: Եթե որոշակի մարդիկ կան, որոնք ինչ-ինչ մեղքեր են գործել, կարծում եմ` պատասխան կտան»,- ասաց Արտակ Դավթյանը: