Կա ստվեր, ուրեմն կա արեւ. Վահագն Ղուկասյան
Գյումրեցի երիտասարդ Վահագն Ղուկասյանը գեղեցիկը ընկալելու եւ վերարտադրելու բնատուր ընդունակություններ ունի։ Ավարտել է Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղը։ Ավարտելուց հետո դասավանդում է կոմպոզիցիա առարկան, զուգահեռ աշխատում է Գյումրու ժամանակակից արվեստի կենտրոնում։ Մեծացել է նկարիչների ընտանիքում ու ինչպես ինքն է ասում՝ «Մինչեւ հիմա հիշում եմ հորս արվեստանոցն ու ներկերի հոտը»։ Նա իր «Ստվերներ» նախագծով տարբերվեց մյուս նկարիչներից։ Իսկ թե ինչպես սկսեց նկարել ստվերներ, պատմում է. «Մի անգամ պատրաստվում էի նկարել, երբ սպիտակ կտավի վրա բնության ստվերներ տեսա ու այդ ժամանակ հասկացա, որ իրականում դրանից գեղեցիկ բան չկա։ Սկսեցի ստվերները ուսումնասիրել։ Չնայած որ դրանք մարդկանց մոտ բացասական համատեքստում է ընկավում, եւ երբ լսում են ստվերներ բառը, պատկերացնում են ինչ-որ մութ բաներ, բայց իրականում այդպես չէ։ Երբ ես սկսեցի «Ստվերներ» նախագիծս, հասկացա, որ կա արեւ, կա նաեւ ստվեր, եւ հակառակը։ Ու ամեն օր սպասում էի, թե երբ պետք է արեւ դուրս գա, որ ստվերներ տեսնեմ ու նկարեմ»։ Վահագն Ղուկասյանը նկարում է այնպես, որ հանդիսատեսը դրական ժպիտով արձագանքի. «Նկարչությունը միշտ ժպիտ է բերել, որ օրը որ նկարեցի, ու նկարը ստացվեց՝այդ օրը ես ամենաերջանիկ մարդն եմ»։ Երիտասարդ արվեստագետը չի հավատում մուսաների. «Չպիտի սպասես, թե մուսան երբ կգա ու կասի. «Բարև, ես մուսան եմ»։Այն մարդիկ, ովքեր մուսաների են սպասում, ծույլ մարդիկ են»։ Նա նկարչությունը համեմատում է ջութակի հետ. «Եթե ջութակ նվագողը մի օր չնվագի, ապա հաջորդ օրը զգում է այդ բացը, նույնն էլ նկարչությունն է։ Ամեն օրվա աշխատանք է. եւ՛ զգացական, եւ՛ ֆիզիկական։ Իմ միակ փրկությունը նկարչությունն է»։ Վահագն Ղուկասյանը վստահ է, որ իր «Ստվերներ» նախագիծը դեռ մեծ հաջողություններ կունենա նաեւ այլ երկրներում։ Ժամանակակից արվեստով հետաքրքրվողները դեռ հնարավորություն կունենան հանդիպելու ստվերի հետ անմիջականորեն աշխատող արվեստագետի հետ։