Ինչո՞ւ Վանաձորում գազ չկա
Փետրվարի 3-ից օր ու գիշեր աշխատանքներ են տարվում Լոռու մարզի Վանաձոր քաղաքի գազամատակարարումը վերականգնելու համար։ Երեկ ժամը 14։00-ի դրությամբ վերականգնված էր քաղաքի գազամատակարարման երկու երրորդ մասը։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «ՀայՌուսգազարդ»-ի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Շուշան Սարդարյանը։ Նրա փոխանցմամբ՝ գազավերականգնողական աշխատանքներն այս պահին էլ շարունակվում են, տեխնիկան և մարդկային ռեսուրսն ամբողջությամբ կենտրոնացված են վթարի վայրում: Շուշան Սարդարյանի խոսքով՝ այսօր մինչև ուշ երեկո ամբողջությամբ կվերականգնվի քաղաքի գազամատակարարումը։ «ՀայՌուսգազարդ»-ի հասարակայնության հետ կապերի բաժնի պետը նշեց, որ վթարի հիմնական պատճառը գազատար խողովակների մաշվածությունն է։ «Վթարվել են ստորգետնյա գազատար խողովակները, որոնք արդեն հնամաշ են», - ասաց Սարդարյանը։ Հիշեցնենք, որ փետրվարի 3-ի առավոտից վթարի պատճառով ամբողջ Վանաձորը գազազրկված էր։