Ռուբեն Հակոբյանը՝ Զարուհի Փոստանջյանի փոխարեն (տեսանյութ)
ԱԺ 2014թ. առաջին նիստի ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ այսօր տեղի է ունեցել «Ժառանգություն» խմբակցության նիստ եւ որոշվել է խմբակցության ղեկավար նշանակել Ռուբեն Հակոբյանին, քարտուղար՝ Թեւան Պողոսյանին: Հիշեցնենք՝ խմբակցության նախկին ղեկավար Զարուհի Փոստանջյանը մեկնել է ԱՄՆ՝ սովորելու։ Ի դեպ, այսօր խորհրդարանին ներկայացվեց նաեւ ՀՅԴ նոր պատգամավոր Միքայել Մանուկյանը՝ Վահան Հովհաննիսյանի փոխարեն: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ առաջարկում են հաշվիչ հանձնաժողովի կազմը հետեւյալ կազմով ձեւակերպել՝ ՀՀԿ՝ հինգ, ԲՀԿ՝ երկու, մյուս մբակցությունները մեկական անդամներ: Արդյունքում ստացվում է 7 անդամի փոխարեն 11 անդամ։ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն ընդվզեցին: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի համար անընդունելի է, որ նման հապճեպ քայլ են փորձում անել. նա առաջարկեց թողնել նախկին կարգը: ՀՀԿ-ական Մանվել Բադալյանը հայտարարեց, որ ելնելով խորհրդարանական մեծամասնության թվից՝ պետք է ԱԺ կանոնակարգում փոփոխություն անել, ու որպեսզի ինչպես նախորդ նիստի ժամանակ ԱԺ խմբակցությունների մի մասը լքեց դահլիճն ու խափանեցին նիստի առաջարկները, նման բան այլեւս չկրկնվի: Իսկ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը զարմացավ՝ ինչն է «պաժարը». «Եկեք 44 ստորագրություն հավաքենք ու որոշենք»: Իսկ ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը հիշեցրեց, թե ինչի համար նախորդ անգամ նիստը խափանեցին՝ քանի որ գազի հարցն էին քննարկում: ԱԺ նախագահն այն կարծիքին չէր, որ նիստն այդ օրը խափանվել է. «Ո՞վ կարող էր մտածել, որ օրը ցերեկով մարդկանց քարտերը կտանեին, ու դա համարում եք խաթարո՞ւմ»: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց՝ եթե նման կազմով հաշվիչ հանձնաժողովը հաստատվի, ապա իրենց խմբակցությունը կհրաժարվի մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին: ՕԵԿ-ը 20 րոպե ընդմիջում խնդրեց՝ իրար հասկանալու համար, իսկ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց խմբակցությունների ղեկավարներին հավաքվել իր մոտ։ Ընդմիջումից հետո որոշվեց հանձնաժողովի քվեարկության հարցը հետաձգել մինչեւ վաղը: ԲՀԿ-ն հայտարարեց, որ եթե Գալուստ Սահակյանի առաջարկը դրվի քվեարկության, ապա իրենք չեն մասնակցի քվեարկությանը եւ հետագայում էլ չեն մասնակցի հանձնաժողովի աշխատանքներին: Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ դրա միտումն այն է, որ ճնշեն խորհրդարանի մեծամասնությանը եւ խոչընդոտեն ԱԺ նիստերի աշխատանքը: Հարցը դրվեց քվեարկության եւ Գալուստ Սահակյանի առաջարկն անցավ: «Ժառանգությունը» եւս չի մասնակցել քվեարկությանը եւ չի մասնակցի հանձնաժողովի աշխատանքներին: ՀԱԿ-ը գնահատեց դա որպես ապօրինությունների ստեղծման փորձ, ու արդյունքում ՀԱԿ-ը որեւէ անդամի չի գործուղի հանձնաժողով՝ աշխատանքի: Նիկոլ Փաշինյանը տեղից փորձեց ընդվզել, իսկ Հովիկ Աբրահամյանը կոչ արեց նրան. «Ձեր ներվերը մի քայքայեք, մի խոչընդոտեք մեր աշխատանքները»: