Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամեն րոպե կարող է դպրոցը փլվել

Մարզեր
dproc-3

Արմավիրի մարզի Պտղունք գյուղի Տիգրան Մեծի անվան դպրոցում ջերմաստիճանի սանդղակը 13 աստիճանից չի բարձրանում։ Դպրոցի տնօրեն Սիլվա Մկրտումյանի խոսքով՝ կիսաքանդ դասասենյակներում հնարավոր չէ նորմալ ջերմաստիճան ապահովել։ «Յուրաքանչյուր դասասենյակում 2, 5 լիտր հեղուկ վառելիք են վառում, բայց դասասենյակներում ցուրտ է», - մանրամասնում է Մկրտումյանը։ Տնօրենն ասում է, որ աշակերտները դասերն անցկացնում են վերարկուներով և գլխարկներով. «Երեխաներին ասում ենք իրենց հետ դմփիկներ (բարձեր-հեղ.) են բերում, դնում նստարանի վրա, նոր նստում»,- նշում է Պտղունք գյուղի դպրոցի տնօրենը։ Նա նաև ավելացնում է, որ ցրտի պատճառով ստիպված են լինում դասաժամերը կրճատել։ Սիլվա Մկրտումյանը նշում է՝ վերջին օրերին տեղացած անձրևի պատճառով դպրոցի մի մասնաշենքը չեն օգտագործում. «Սաղ անձրևը եկել- լցվել է, անհնար է դաս անել»,- դժգոհում է նա։ Պտղունքի Տիգրան Մեծի անվան դպրոցը վթարային է, քարերը թափվում են, տանիքը՝ կաթում, պատուհանները ջարդված են. «Պատուհաններն էլ սարսափելի վիճակում են` կեսը ջարդված են, կեսին էլ ցելոֆան ենք կպցնում, բայց դե ցելոֆանն ի՞նչ օգուտ պետք է տա», - ասում է տնօրենը և նկատում՝ ամեն րոպե կարող է դպրոցը փուլ գալ և թափվել աշակերտների գլխին։ Փոխտնօրեն Վարդիթեր Մաթևոսյանը հավելում է՝ պատերին ջրի հետքերն անգամ ամռանը չեն չորանում, իսկ դասասենյակներում խոնավության հոտից նստել չի լինում։ Դպրոցի տնօրեն Սիլվա Մկրտումյանը ցավով արձանագրում է, որ տարեցտարի աշակերտների թիվը նվազում է։ Պատճառն, ըստ նրա, դպրոցի անմխիթար վիճակն է. «Դպրոցի վատ պայմաններից շատերը դուրս են գալիս, գնում են կողքի գյուղերի՝ Մուսալեռի, Զվարթնոցի էլիտար նորոգված դպրոցները», - սրտնեղում է տնօրենը։ Տիգրան Մեծի անվան դպրոցի 135 աշակերտների և ուսուցչական կազմի ցանկությունն այսօր մեկն է՝ ունենալ վերանորոգված դպրոց, որտեղ գրավոր աշխատանքները կգրեն առանց ձեռնոցների։ Իսկ տնօրեն Սիլվա Մկրտումյանը երազում է, որ իր ղեկավարած կրթօջախը ներառվի Կառավարության դպրոցաշինության հրատապ ծրագրում։