Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարմիր խաչը դիմել է Բաքվի իշխանություններին

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Mamikon-Khojoyan

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի անդամները դեռ չեն տեսակցել հունվարի 28-ից գերության մեջ գտնվող 77-ամյա վերինկարմիրաղբյուրցի Մամիկոն Խոջոյանին։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երեւանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին մեզ հետ զրույցում ասաց, որ Բաքվի իրենց կոլեգաները արդեն դիմում են գրել իշխանություններին՝ նրան տեսակցելու համար եւ սպասում են պատասխանի։ Սակայն երբ տեղի կունենա հանդիպումը՝ դեռ պարզ չէ։ Ադրբեջանցիները նշում են, որ Մամիկոն Խոջոյանը հետախուզական-դիվերսիոն խմբի անդամ է, իսկ գյուղապետն էլ հայտարարել էր, որ 77-ամյա ծերունին հոգեկան խնդիրներ ունի։ Մամուլում տարածվել է Մամիկոն Խոջոյանի հետ ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հարցազրույցը, որտեղ ծերունին կենցաղային պատմություններ է անում։ Տեսանյութում երեւում է նաեւ, որ ծերունու ձեռքը կապված է։ Ըստ վերլուծաբանների՝ ադրբեջանական կողմը կրկին անգամ խախտել է Ժնևյան կոնվենցիայի այն կետը, ըստ որի՝ պատահական սահմանը հատած, գերի ընկած քաղաքացիների հանդեպ չպետք է կիրառվի որևէ ճնշում, մինչև անգամ հրապարակային ելույթ չպետք է պարտադրվի նրանց: Զառա Ամատունին այս առնչությամբ մեկնաբանություն չտվեց։