Հանցագործությունների ցուցակում գերակշռում են ՀՀԿ-ամերձնե՞րը (տեսանյութ)
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ անդամ Մկրտիչ Մինասյանը ցավ հայտնեց Գյումրիում վերջերս տեղի ունեցած դեպքերի առնչությամբ, որովհետև «փոխանակ առարկայական գործերով զբաղվենք, սկսել ենք ինչ-որ անձնավորված, հատվածային մոտեցումներ ցուցաբերել և ժամանակն ու էներգիան ծախսել դատարկ բաների վրա»: Հիշեցնենք, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան մոտ մի քանի երիտասարդներ հայհոյանքներ էին տեղացել։ Կասկածներ կան, որ դա նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին է եղել ընկերների հետ, ինչ հարցով էլ հարցաքննվել է ոստիկանությունում։ Պարոն Մինասյանը հերքում է այն կարծիքները, թե Գյումրին կրիմինալ քաղաք է դարձել. «Ուղղակի ժամանակին տեղի են ունեցել դեպքեր, որոնք պետք է ի սկզբանե արգելվեին և օրենքը գործեր»: Նա Գյումրիի ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանին խորհուրդ տվեց զբաղվել իր գործերով, «իսկ կոնկրետ դեպքի առնչությամբ պետք է զբաղվի ոստիկանությունը, դատախազությունը և քննչական մարմինները»: ԲՀԿ անդամ Միքայել Մելքումյանի կարծիքով՝ պետք է բացառել նման դեպքերը և դրա համար հասարակությունն էլ պետք է արտահայտի իր կարծիքը: «ԲՀԿ-ն նույնպես ասում է, որ համապատասխան կառույցները պետք է իրենց գործը կատարեն»: «Երկիր Մեդիա»-ի լրագրողի այն հարցին, թե ինչն է պատճառը, որ նախկին կամ ներկա պաշտոնյաների կամ նրանց հարազատների կատարած հանցագործությունների՝ իր հավաքած ցուցակում ամենամեծ թիվ են կազմում հենց Հանրապետական կուսակցության անդամները, Մկրտիչ Մինասյանը պատասխանեց, որ դա հատվածային մոտեցում է, «այսինքն` ամեն չարիք տեսնել մի ուժի մեջ և չտեսնել հասարակության մեջ։ Ես որդիներ էլ ունեմ, թոռներ էլ ունեմ, բայց նրանք ցուցակի մեջ կարծես չկան»: