Ջրի խնդիրն Առատաշենում դեռ չի լուծվում (տեսանյութ)
Արմավիրի մարզի Առատաշեն համայնքը ձմռան կեսին լուրջ խնդրի առաջ է կանգնել: Խմելու ջրի խնդիրն այստեղ մնում է առաջնային, լուծումները գյուղացիները մոտ ապագայում չեն տեսնում: Առատաշեն համայնքի խմելու ջուրը մոտ մեկ շաբաթ է` ՀԷՑ-ը կտրել է: Այստեղ խմելու ջուրը ստանում են խորքային հորերից` էլեկտրական պոմպերի միջոցով: Արմավիրի մարզի Առատաշեն համայնքի ղեկավար Վահրամ Հարությունյանի ներկայացմամբ` պոմպերի հոսանքի համար գյուղացիները 1500 դրամ ամսավճարը չեն վճարում։ Համայնքապետ Վահրամ Հարությունյանն անգամ ցույց է տալիս ամիսների վաղեմություն ունեցող մատյաններ, որտեղ տուն առ տուն նշված են կուտակված պարտքերն ու հատուկենտ վճարումները: Հարցին լուծում գտնելու համար համայնքապետը պարբերաբար հանդիպում է համագյուղացիների հետ ու քննարկումներ անցկացնում. «Եթե մարդը կարողանում է ամսական 5-10 հազար հոսանքի վարձ տալ, մի էդքան էլ գազի փող տալ, 1500 դրամ խմելու գումար չտալը, չեմ կարծում, որ…ուղղակի սովորացրել ենք մեր բնակիչներին, ինչ-որ ձեւ պահել ենք, հասցրել ենք նրան, որ շատերն այսօր մտածում են, որ այս ամիս էլ չենք տա, շատերն ասում են ամառը կգա, կտանք, բայց մինչեւ ամառն ով է մեզ հոսանք տալիս»: Թոշակառու Վարուժան Վարդանյանն ասում է. «Թոշակը ստացել եմ, վճարել եմ, մի մանեթ պարտք ունե՞մ: Դե իմ ջուրս տուր: Ես քեզ փող եմ տվել, ջուրս տուր, խի՞ չես տալիս»: Իսկ Աբրահամ Սիմոնյանն ու նրա նման մի շարք գյուղացիներ հարցին որոշակի լուծում են գտել` իրենց տան բակում տեղային հոր բացելով։ Ոչ թե հորային, այլ ցանցային միացմամբ խմելու ջուր ստանալը, համայնքապետի վստահեցմամբ, բարդ ու դեռեւս անլուծելի խնդիր է: