«Առանց մոլեգնության ոչ մի բան չի ծնվում». Տիգրան Մանսուրյան (տեսանյութ)
«… Երաժշտության մեջ երկու երևույթների հարաբերություն կա` ձայնի և լռության: Ո՞րն է ավելի հարուստ, ո՞րն է ավելի հագեցած, որի՞ մեջ ավելի խորհուրդ կա: Իմ կարծիքով, հարուստը լռությունն է: Երբ ես անցնում եմ սահմանը` չգրելուց գրելուն, իմ զգացումն այն է, թե հանցանք եմ գործել, որ կորցրել եմ այդքան ժամանակը: Երբ չեմ գրում` խեղդում է ունայնության զգացումը: Երաժշտություն գրելն ինձ համար գործ չէ: Ինքնարտահայտման միջոց էլ չէ: Ես եմ: Ես ապրում եմ… Իմ իմացած ճշմարտությունը հաստատելու համար պատրաստ եմ լինել համառ: Ինչպե՞ս կարելի է բաց ճակատով լեռների կատարներին նայել, որ մեջդ երգ հղանա, երբ քո շուրթերին թռիչքի անկարող, ներքին կրակից զուրկ հանգաբանություն է և ոչ բանաստեղծություն: Առանց մոլեգնության ոչ մի բան չի ծնվում… Մեր ամեն մի չծնված գործ` առ հայրենիքը, առ մեր ժողովուրդը և նրա պատմությունը ունեցած սիրո պակասի արտահայտություն է: Մարդ արժևորելու ունակությունը մեր պատմությունն է մեզ տվել…». Տիգրան Մանսուրյան։ Գրառումը՝ Հովիկ Չարխչյանի բլոգից։ Այսօր հայ անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է։ Նա հեղինակ է գլխավորապես նվագախմբային, կամերային, երգչախմբային և վոկալ գործերի, որոնք կատարվել են ամբողջ աշխարհում։ Մանսուրյանը նախկին ԽՍՀՄ-ում ժամանակակից երաժշտության ռահվիրաներից մեկն է և առաջինը, ով կոմպոզիցիոն ժամանակակից հնարներ (ինչպես օրինակ` նեոկլասիցիզմ, դոդեկաֆոնիզմ, վեբեռնիզմ) է ներմուծել Հայաստան։ Կոմպոզիտորի ստեղծագործությունները մշտապես մեծ հաջողությամբ են ընդունվել Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Միլանում,Վիեննայում, Մոսկվայում, Վարշավայում, Նյու-Յորքում, Լոս Անջելեսում և համաշխարհային երաժշտական այլ մայրաքաղաքներում։ Տիգրան Մանսուրյանը գրել է նաև մի շարք ֆիլմերի երաժշտությունը, ինչպես՝ «Մենք ենք, մեր սարերը», «Ճերմակ անուրջներ», «Նռան գույնը»,«Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն», «Աշնան արեւ» և այլն։