Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը չի խաղա Բուլղարիայի հետ

Սպորտ
sport-evro-2014

Ֆուտբոլի Եվրոպայի միությունը այսօր հրապարակել է Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական փուլի վիճակահանության զամբյուղների վերջնական կազմերը: Հայաստանի հավաքականը ընդգրկվել է չորրորդ զամբյուղում, որտեղ տեղ են գտել նաեւ Չեռնոգորիայի, Շոտլանդիայի, Ֆինլանդիայի, Լատվիայի, Ուելսի, Բուլղարիայի, Էստոնիայի եւ Բելառուսի ընտրանիները: Դա նշանակում է, որ Եվրո-2016-ում հայ-բուլղարական նոր հակամարտություն տեղի չի ունենա, որը, ինչպես հիշում ենք, սկանդալներով նշանավորվեց աշխարհի 2014 թվականի ընտրական մրցաշարի ժամանակ: Վիճակահանության առաջին զամբյուղը կազմել են, այսպես ասած, ֆավորիտները` Իսպանիան, Գերմանիան, Հոլանդիան, Իտալիան, Անգլիան, Պորտուգալիան, Հունաստանը, Ռուսաստանը, Բոսնիա-Հերցեգովինան: Մեր ընտրանու համար այս թիմերից առավել մատչելի է Հունաստանը: Երկրորդ զամբյուղում ընդգրկվել են հետեւյալ 9 հավաքականները. Ուկրաինա, Խորվաթիա, Շվեդիա, Դանիա, Շվեյցարիա, Բելգիա, Չեխիա, Հունգարիա, Իռլանդիա: Դրանցից համեմատաբար հարմար մրցակից են համարվում հունգարացիները: 3-րդ զամբյուղ. Սերբիա, Թուրքիա, Սլովենիա, Իսրայել, Նորվեգիա, Սլովակիա, Ռումինիա, Ավստրիա, Լեհաստան: Այստեղ, միանշանակ, ցանկալի մրցակից է Սլովակիան: 5-րդ զամբյուղ. Իսլանդիա, Հյուսիսային Իռլանդիա, Ալբանիա, Լիտվա, Մոլդովա, Մակեդոնիա, Ադրբեջան, Վրաստան, Կիպրոս: Մեր համար նախընտրելի տարբերակներն են Հս. Իռլանդիան, Մոլդովան կամ Մակեդոնիան: 6-րդ զամբյուղ. Լյուքսեմբուրգ, Ղազախստան, Լիխտենշտեյն, Ֆարերյան կղզիներ, Մալթա, Անդորրա, Սան Մարինո, Ջիբրալթար: Ետնապահների մեջ անցանկալի մրցակիցներ են Լյուքսեմբուրգը, Ղազախստանը, Ֆարերյան կղզիները (հեռավորության պատճառով) եւ, բնականաբար, Մալթան: Հավելենք, որ Եվրո-2016-ի ընտրական մրցաշարի վիճակահանությունը կայանալու է փետրվարի 23-ին, Նիս քաղաքում: Մասնակից 53 հավաքականները կբաժանվեն 9 ընտրական խմբերի, որոնցում առաջին երկու տեղեր գրաված թիմերը, ինչպես նաեւ երրորդ տեղը զբաղեցրած լավագույն հավաքականը, ուղիղ կմտնեն եզրափակիչ փուլ: Մնացած 4 ուղեգրերը անցումային խաղերում կվիճարկեն 3-րդ տեղը գրաված մնացած 8 թիմերը: Եվրո-2014-ի ընտրական մրցաշարը կմեկնարկի այս տարվա սեպտեմբերի 7-ին, իսկ կավարտվի 2015-ի նոյեմբերի 17-ին: