Հայ ռազմագերու միակ խնդիրը կարոտն է
«Ինձ մոտ ամեն ինչ նորմալ է, եւ միակ խնդիրը կարոտն է»,- ծնողներին փոխանցած նամակում գրել է հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը։ Վերջինս նամակում հիմնականում անդրադարձել է ընտանեկան հարցերին եւ տեղեկացրել, որ նկարների միջոցով փորձում է կարոտը մեղմացնել։ Ինչպես «Ա1+»-ին հայտնեց նրա եղբայրը՝ Հարությունը, Հակոբը հարազատներին հորդորել է մի քիչ էլ համբերել, եւ ամեն ինչ լավ կլինի։ Հիշեցնենք, որ Հակոբ Ինջիղուլյանը գերության մեջ է հայտնվել այս տարվա օգոստոսի 8-ից։ Այս ընթացքում հարազատները չեն խոսել Հակոբի հետ, միայն նամակների միջոցով են շփվում։ Նամակը հարազատներին փոխանցել են Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները։ Հարազատները գրասենյակի ներկայացուցիչներին խնդրել էին նաեւ հունվարի 28-ին՝ Հակոբի ծննդյան օրը, սկայպով կամ հեռախոսով խոսելու հնարավորություն ստեղծել, սակայն առայժմ նորություն չկա։