Իլհամ Ալիեւը չի ցանկանում պատերազմ. հետախույզ (տեսանյութ)
Ադրբեջանական կողմը երբեք պատերազմ չի սկսի՝ համոզված է Կենտրոնական հրամանատարության հետախույզ, դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վերջինս նշեց, որ Իլհամ Ալիեւը չի ցանկանում պատերազմ եւ պատերազմի կգնա այն ժամանակ, երբ զգա, որ կորցնում է իր իշխանությունը։ «Դա բացարձակ կապված չէ, սահմանում տեղի ունեցող միջադեպերի հետ, դա իրենց ներքին հարցերն են, երբ զգանք, որ նման բան կա, պետք է սկսվի ուժերի մոբիլիզացիա»,- ասաց նա։ Անդրադառնալով հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական զինուժի դիվերսիոն հարձակմանը՝ հետախույզը նշեց, որ հայկական կողմի բացթողումները շատ են. «Կան հատուկ տեխնոլոգիաներ, որոնք հիմնված են շարժման փոխանցիչների, օդի տատանումների վրա։ Այդ դատչիկներն այսօր Հայաստանում կան, եւ ինչքան գիտեմ՝ դատչիկները սարքում են Ամերիկայի համար, որ տեղադրվեն Ամերիկայի եւ Մեքսիկայի սահմանի վրա, սակայն մենք ամեն ինչ անում ենք, որ մնանք 19-րդ կամ քարե դարում եւ ոչինչ չենք անում սահմանների պաշտպանության համար, փորձում ենք տղաների մարմիններով պահել, ինչը մեզ համար անթույլատրելի է»,- նշեց նա։ Վերջինս խորհուրդ տվեց մեծ զենքեր և գումարներ ծախսել ժամանակակից տեխնիկայի ուղղությամբ, ինչպես նաեւ թշնամու մոտ տարածել սարսափ։