Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իշխանությունները մոռացե՞լ են Ազգային հերոսին (տեսանյութ)

Հարցազրույց
3f022cb410265130be35e2415c813315

«Ա1+»-ի զրուցակիցն է ՀՀ Ազգային հերոս Մովսես Գորգիսյանի այրին՝ տիկին Ռուզաննա Գորգիսյանը: - Ինչպիսի՞ մարդ էր Մովսես Գորգիսյանը կյանքում։ Մովսեսը իր բնավորությամբ շատ վարակիչ երիտասարդ էր։ Նա շատ գրագետ էր, շատ բանիմաց, իրեն դրսևորել գիտեր։ Մի բան, որ այդ ժամանակների համար բավականին զարմանալի էր՝ բավականին գրագետ հայերեն էր խոսում։ Մովսես կերպարը շատ լուսաբանման կարիք ունի, որովհետև մարդու և հայի այդ տեսակը յուրահատուկ տեսակ է և օրինակելի և նաև ուսանելի։ Հրաշալի հայր էր։ Իսկ որպես ամուսին այդպես էլ չհասցրեցի վայելել մեր ամուսնական կյանքը, քանզի մենք ավելի շատ համակուրսեցիներ էինք, ընկերներ էինք, գաղափարակիցներ էինք և ընտանիքը որպես այդպիսին շատ քիչ ժամանակ բախտ վիճակվեց վայելելու: - Որպես կին ինչպե՞ս ընդունեցիք նրա որոշումը պատերազմ գնալու մասին։ Մովսեսի նպատակը պատերազմ գնալը չէր։ Նա շատ ավելի մեծ պատերազմի էր դուրս եկել։ Նա դուրս էր եկել Խորհրդային կայսրության դեմ և իր նպատակն էր ունենալ ազատ և անկախ պետություն՝ Հայաստանի Հանրապետություն։ - Վերադառնանք Մովսեսի կերպարին։ Ի՞նչ բնավորության գծեր ուներ, որոնցով առանձնանում էր մյուս մարդկանցից։ -Ես այլևս Մովսեսի նման մարդ չտեսա։ Երևի ի վերուստ գրված էր, որ նա երկրի վրա պետք է ապրեր 28 տարի, աներ իր անելիքը և հեռանար։ Մովսես կերպարը ինձ համար և շատ-շատերի համար մնաց հայ ազգի հավաքական կերպար։ Մովսեսը նախ վառ անհատականություն էր, այնքան վառ անհատականություն, որ հնարավոր չէր նրան չնկատել։ Դա արտահայտվում էր իր համոզիչ խոսքով, իր ապշելու տրամաբանությամբ, ճկուն մտածողությամբ, կրակն իր վրա վերցնելու ունակությամբ, գերհամարձակությամբ։ Ինքն այնպիսին էր, որ գնում էր և իր ետևից տանում էր։ - Անդրադառնանք մի խնդրի, որից տառապում է ազատամարտիկների ընտանիքների մեծամասնությունը. սոցիալական խնդիրը։ Ձեզ՝ որպես Ազգային հերոսի ընտանիքի, պատշաճ վերաբերմունք ցուցաբերո՞ւմ են, գալի՞ս են Ձեզ տեսակցության, փորձո՞ւմ են ինչ-որ բանով օգնել։ - Ես դժգոհելու առիթ չունեմ։ Չունեմ, որովհետև ցանկություն էլ չունեմ պարտադրել և պահանջել, որ ներկա գտնվեն։ Աստված իրենց հետ։ Իրենք իրենց համար են գալիս, իրենց հերոսի համար են գալիս, իմ ամուսնու համար չեն գալիս։ Ես ոչ մեկին չեմ պարտադրում։ Ընդհանրապես գալիս են այն մարդիկ, ովքեր ուզում են: Իսկ իշխանության ներկայացուցիչները 24 տարվա ընթացքում 1-2 անգամ են եկել: Ես չեմ, որ պետք է ասեմ, որ հարգարժան պետական և պաշտոնական այրեր, հիշեք, որ ոչ միայն կազինոների, մեծ հանրախանութների, առողջարանների բացումներին, կերուխումներին պետք է մասնակցեք, այլ շատ ավելի կարևոր տեղեր կան, որ ուղղակիորեն պարտավոր եք ներկա գտնվել... Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում