Մեղավոր են, բայց փոխհատուցում չեն տա (տեսանյութ)
Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը չի հերքում, որ մայրաքաղաքի որոշ փողոցների մայթեր սառույցներից չեն մաքրվել եւ հնարավոր է՝ նաեւ մարդիկ ընկած եւ կոտրվածքներ ստացած լինեն. «Սակայն դա չի կարելի համարել համատարած»՝ այսօր հայտարարեց Կամո Արեյանը։ Վերջինիս խոսքերով՝ իրենք ամեն օր ստանում են համապատասխան տվյալները, սակայն հստակ չի կարող ասել, թե քանի մարդ է սառույցների պատճառով կոտրվածք ստացել եւ քանիսը՝ փոխհատուցում։ Անդրադառնալով վճարովի ավտոկայանատեղիների հետ կապված խնդիրներին, երբ ձյունը կամ սառույցը ծածկել էին կարմիր գծերը, եւ մարդիկ ակամա տուգանվում էին, պարոն Արեյանը նշեց, որ օպերատորի վրա իրոք մաքրման աշխատանքներ դրված չէին, եւ իրոք խնդիր կա, որը պետք է վերացնել։ Ոչինչ չի կարող ասել նաեւ այս փոխհատուցման մասին։ Այսօր պարոն Արեյանը չկարողացավ շրջանցել նաեւ տրանսպորտի գնի հնարավոր բարձրացման մասին հարցը՝ նշելով, որ հանձնաժողովը այս պահին շարունակում է իր աշխատանքները եւ ավելացնելու ոչինչ չունի։ Ի դեպ, պարոն Արեյանը արդարացված է համարում մայրաքաղաքում դրոշներ տեղադրելու համար բյուջեով նախատեսված 80 մլն դրամը։