Ուղիղ եթեր (տեսանյութ)
Հունվարի 22-ին՝ ժ. 12:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում՝ Տավուշի մարզի Պառավաքար-Վազաշեն ճանապարհի փակման, այլընտրանքային ճանապարհի կառուցման և անվտանգության վերաբերյալ: Քննարկումը նախաձեռնել է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը: Քննարկման բանախոսներն են. Սուրեն Դարբինյանը ՝ՀՀ ՊՆ Պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային ռազմական համագործակցություն բաժնի պետ, փոխգնդապետ, Անդրանիկ Մկրտումյանը՝ ՀՀ ՊՆ Զինված ուժերի օպերատիվ վարչության ներկայացուցիչ, գնդապետ, Ալեքսանդր Բախտամյանը՝ ՀՀ ՏՆ Տրանսպորտի ԾԻԳ պետական հիմնարկի տնօրեն, Արտակ Սարգսյանը՝ ՀՀ Տավուշի մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ: Արդեն երեք ամիս է`Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանին գտնվող 16 գյուղերի բնակիչները գտնվում են շրջափակման մեջ: Ստեղծված իրավիճակի պատճառն այն է, որ հոկտեմբերի 22-ին ադրբեջանական կողմից հնչած կրակոցների հետևանքով զոհվեց մեկ, վիրավորվեց մի քանի հայ զինծառայող, և բնակիչների համար բանուկ ավտոճանապարհ համարվող Պառավաքար-Վազաշենը պաշտոնապես հայտարարվեց փակված: Սահմանամերձ ճանապարհը մինչ օրս փակ է: Տավուշի մարզի Շամշադինի շրջանի սահմանամերձ գյուղեր մուտք ու ելք անելու համար կա ևս երկու ճանապարհ`Բերդ-Ճամբարակն ու Բերդ-Իծաքար-Գանձաքար-Իջևանը, որոնք երկուսն էլ գտնվում են անբարեկարգ վիճակում: