Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հնարավորինս կարճ խոսեք բջջային հեռախոսով

Հասարակություն
images1

Բջջային օպերատորների՝ շենքերի տանիքներին տեղադրված բազային կայանները՝ այսպես կոչված, ալեհավաքները, վնասակար չեն մարդու առողջության համար: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Գիտությունների ազգային ակադեմիայի Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն Արսեն Հախումյանը: Նա նշեց, որ բազային կայանները ստեղծում են էլեկտրամագնիսական ալիքների դաշտ, որի ճառագայթների հզորությունը մոտ 20 վատտ է: Մինչև ճառագայթը տանիքից հասնում է բնակիչին, դրա ազդանշանն այնքան է թուլանում, որ ճառագայթն այլևս վտանգավոր չէ առողջությանը: «Տանիքից մինչև շենքի բնակիչ հեռավորությունը կլինի ոչ պակաս, քան 10 մետր: Ալիքի երկարությունը 30 սմ է: 1000 անգամ նվազելու է հզորությունը: 20 վատտը եթե 1000 անգամ նվազի, կդառնա 20 միլիվատտ»,- ասաց Արսեն Հախումյանը: Բացի դրանից, Հախումյանի խոսքով, բոլոր բազային կայանները տեղադրվում են՝ ըստ հիգիենիկ նորմատիվների: Բնակիչները, որոնց շենքերի տանիքներին կան բջջային օպերատորների բազային կայաններ, հաճախ դժգոհում են գլխացավից ու հոգնածությունից՝ դա պայմանավորելով այդ կայաններով: Արսեն Հախումյանը, սակայն, որևէ կապ չի տեսնում և նշում է, որ անհրաժեշտության դեպքում սանէպիդ ծառայությունը կարող է չափել տվյալ տարածքում առկա էլեկտրամագնիսական ալիքների դաշտը: Ինստիտուտի տնօրենի հավաստիացմամբ՝ այս առումով բջջային հեռախոսները շատ ավելի վտանգավոր են, քանի որ ստեղծում են էլեկտրամագնիսական ալիքների շատ ավելի մեծ դաշտ: Հեռախոսը ճառագայթում է 2 վատտ հզորությամբ, ընդ որում մարդու գլխին մոտ: «Այս փոքրիկ հեռախոսը, որով հիմա խոսում եմ, 1000 անգամ ավելի բարձր դաշտ է իմ մարմնի մոտ ստեղծում, քան այն բազային կայանի անտենան, որը շենքի վրա է դրված»,- ասաց Արսեն Հախումյանը: Նա խորհուրդ տվեց հնարավորինս կարճ խոսել բջջային հեռախոսով, իսկ խոսելիս էլ օգտվել համապատասխան գարնիտուրայից, ականջակալներից: Գարնիտուրայի ճառագայթող հզորությունը 2000 անգամ ավելի ցածր է (1 միլիվատտ), քան բջջային հեռախոսինը: Երբ գրպանի կամ պայուսակի մեջ է, բջջային հեռախոսը վտանգավոր չէ, քանի որ միայն հեռախոսազանգի ընթացքում է աշխատում ճառագայթման ռեժիմում: