Կիեւում հոսպիտալացվել է 100 մարդ (տեսանյութ)
Ուկրաինայի մայրաքաղաքում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Չնայած ցրտաշունչ ձմռանը, հազարավոր ցուցարարներ Անկախության հրապարակում շարունակում են պայքարն ընդդեմ Մաքսային Միությանը միանալու այս երկրի նախագահ Յանուկովիչի որոշման։ Ոստիկանների եւ ցուցարարների բախման հետեւանքներն այս գիշեր ավելի դաժան են եղել, զարգացումները՝ անկանխատեսելի։ Ոստիկանները հատուկ միջոցներ են կիրառել, աղմկահար նռնակներ նետել եւ ռետինե գնդակներով կրակել ցուցարարների ուղղությամբ։ Ուկրաինայի կառավարությունը ցուցարարներին առաջարկում է բանակցություններ սկսել։ Այս գիշեր ոստիկաններն էլ ավելի կոշտ են խոչընդոտել լրագրողների աշխատանքը։ BBC-ի ռուսական ծառայությունը հայտնում է, որ Կիեւում վիրավորվել է ռուսական «Ռեն թիվի»-ի թղթակից Ստանիսլավ Գրիգորեւը՝ մասնագիտական պարտականությունները կատարելիս։ Ոստիկանությունը Կիևում ձերբակալել է նաեւ «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայության երկու լրագրողների, ծեծել, այնուհետև ազատ արձակել: Ուկրաինայի Ոստիկանությունը շտապել է հայտնել, թե «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայության լրագրողներին բերման է ենթարկել որպես վկաների: Պաշտոնական տվյալներով՝ երկօրյա բախումների արդյունքում Կիեւի կենտրոնում տուժել է 200-ից ավելի մարդ, որոնցից 100-ը հոսպիտալացվել են։