Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հրանտ Դինքը գիտեր, որ մեռնելու էր» (տեսանյութ)

Քաղաքականություն
bac55eaef30ef029514d8408105d0574

«Հրանտ Դինքը զգում էր, որ իրեն սպանելու են»,-հիշում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: 2007 թվականի հունվարի 19-ին Թուրքիայում սպանված «Ակոս» թերթի գլխավոր խմբագրին պարոն Սաֆրաստյանը վերջին անգամ տեսել էր ԱՄՆ-ում: «Սպանությունից ամիսներ առաջ միասին Ամերիկայում գիտաժողովի էինք: Առաջարկեց առավոտյան միասին զբոսնել: Ինձ ասաց`գիտեմ, որ ինձ սպանելու են: Զգում էր, զանգեր ու ահաբեկումներ էին եղել, Դինքը դիմել էր նույնիսկ Ստամբուլի նահանգապետին`խնդրել էր, որ իրեն պաշտպանեն, բայց նաև շատ լավ գիտեր, որ ոչ ոք իրեն չէր պաշտպանելու: Մի քանի ամիս հետո այդպես էլ եղավ»,-պատմում է նա: Ըստ նրա` Դինքի սպանությամբ թուրքական կառավարությունը ոչ միայն ֆիզիկապես ոչնչացրեց նրան, այլ նաև ուղերձ հղեց աշխարհի և թուրքական ժողովրդին, որ հայկական հարցի հետ կապված թուրքական քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել. «Թուրքիան խորքային պետություն է: Սա պատմական ակունքներ ունի: Նման պետություններում օրինական պետական կառույցների հետ մեկտեղ գործում է մի գաղտնի խմբավորում, որը ըստ էության լուծում է տվյալ պետության արտաքին ու ներքին հարցերը: Դինքի սպանությունը ու դրան հետևած դատավարությունները փաստում են, որ դա կազմակերպված է խորքային պետության կողմից»: Ռուբեն Սաֆրաստյանը գտնում է, որ մեր ժողովուրդը թե ցեղասպանության ճանաչման գործում և թե Հրանտ Դինքի սպանությունից հետո տեղի ունեցած իրադարձություններում մեծ ավանդ է ունեցել, բայց մենք շատ մեծ բացթողումներ էլ ունենք. «Այո, եղել է պայքար թե սփյուռքում, թե Հայաստանում, բայց այդպես էլ համակարգված չկարողացանք գործել, չենք կարողացել մեր ուժերը ճիշտ տեղաբաշխել, քանի որ կան խնդիրներ, որոնք ավելի լավ կարող են լուծվել սփյուռքի կողմից: Մենք չենք կարողացել դա համակարգել և այդպես էլ չկարողացանք համայն հայության հոգևոր, ինտելեկտուալ ուժերը մեկտեղել: Ես կարծում եմ՝ այս բացթողումների շտկումը նոր փուլ կմատնանշի համայն հայության համար»,-եզրափակեց նա: