Սարի թաղի տները փլվում են (տեսանյութ)
Սարի թաղի 18-րդ փողոցի 42 տունը ցանկացած պահի կարող է փլվել։ «Գիշերը քնած էինք, դմփոց եկավ, ինձ թվաց՝ երկրաշարժ է, երեխեքին վերցրել եմ ժամը 3-ի կողմը, փախել եմ դուրս»,- «Ա1+»-ին ասաց բնակչուհի Անի Հայրապետյանը։ Սարի թաղի այս տները վաղուց վթարային են ճանաչվել եւ տարեցտարի դրանց վիճակն ավելի անմխիթար է դառնում։ «Առաստաղը մի օր ընկնելու է, չգիտեմ երբ։ Բաղնիքի, զուգարանի պատերն իրարից հեռացել են, հարեւանի տունը երեւում է»,- նշեց նա։ Բնակիչները պնդում են, որ իրենց տների սեյսմակայունությունը վերջնականապես խաթարվեց, երբ դիմացի տները քանդեցին, իսկ սարերից եկող ջրերը լցվեցին իրենց տների տակ։ Բնակիչներից Աիդա Հովհաննիսյանի խոսքերով՝ Դիլիջանում իր հորական տունն էլ էր նման վիճակում, այդ տարածքները, ըստ նրա, գնել է Սերժ Սարգսյանը, որից հետո բարեկարգման աշխատանքներ են կատարվել։ «Սերժը հիմա առել է, բան է բացել, եւ հիմա չգիտեմ՝ ջուրը ուր է գնում լցվում, հոսքը կանգնել է։ Հիմա այստեղ քանդեցին, ոչ մի բան չարեցին»,- նշեց նա։ Անցյալ տարի Սարի թաղի 18 փողոցի տներից 5-ը քանդել են, տերերին նոր տներ տրամադրել։ «Երեւի նրանց տները այդքան ճաք չկային, որքան մերը կա»,- նեղսրտեց Աիդա Հովհաննիսյանը։ Այսօր վթարային տներում բնակվողները նույնիսկ չգիտեն, թե ինչ պահանջեն տեղական իշխանություններից՝ համարժեք փոխհատուցո՞ւմ, թե՞ իրենց տների ամրացում։ Մինչ նրանք մտածում են, տան պատերի ճաքերն էլ ավելի են խորանում։