Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ երիտասարդները հոգեբանական գրքեր են սիրում

Հասարակություն
19e3f543249cbbdd1d2bbe52699d9a46

Ցրտաշունչ դեկտեմբերին էլ հայ ընթերցասերները շարունակել են գրադարան գնալ։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը.«Տարեկան կտրվածքով մենք ունենում ենք 33-35 հազար ընթերցող, այս տարի նրանց թիվը չի պակասել, իսկ դեկտեմբերին ունեցել ենք 1500 նոր ընթերցող»: Նա հիշում է, որ մի քանի տարի առաջ պատկերը բոլորովին այլ էր. « Տարիներ առաջ ցուրտը իսկապես կարող էր ազդել, բայց հիմա, երբ կա ջեռուցում, նոր տեխնոլոգիաներ, ցուրտը չի կարող դեր խաղալ»: Գրադարանի փոխտնօրենը նկատել է`մեր երիտասարդները սիրում են հոգեբանական գրքեր կարդալ. «Մեր ընթերցողների 70 տոկոսը ուսանողներ են, և բացի հանձնարարված մասնագիտական գրականությունից, նրանք նախընտրում են գրքեր, որոնք ինքնաճանաչողական բնույթ ունեն, սիրում են նաև ժամանակակից պոեզիա»: Տիկին Բարսեղյանը չի կարծում, թե հայ երիտասարդները ընթերցասեր չեն. «Մեր երիտասարդները ընթերցասեր են: Եթե նրանք ինչ-որ գիրք են փնտրում, որը չկա գրադարանում, ապա անպայման գտնում են online տարբերակը: Online տարբերակով էլ կարելի է ընթերցել, բայց, միևնույն է, գիրքը մնում է անփոխարինելի»: